Նոր ցեղասպանությունները Հայոց ցեղասպանության պատժի հարցում հստակ մոտեցման բացակայության հետեւանք են

PanARMENIAN.Net - 2007 թվականի մայիսի 30-ին Լրագրողների միջազգային դաշնության (ԼՄԴ) 26-րդ Համաշխարհային կոնգրեսում տեղի ունեցավ Լրագրողական ավանի ամբիոնի նիստը` «Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման եւ 21-րդ դարում ցեղասպանությունների փաստերի կանխարգելման համար» թեմայով: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.«Զանգվածային սպանությունները եւ հայ բնակչության տեղահանումը Արեւմտյան Հայաստանից (ժամանակակից Թուրքիայի տարածք) համարվում են Հայոց ցեղասպանություն: 1915 թվականի մայիսին Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունում այդ հանցագործությունները բնութագրվել են որպես «նոր հանցագործություններ մարդկայնության եւ քաղաքակրթության դեմ» եւ ենթադրում էին Օսմանյան կայսրության պատասխանատվությունը կատարած հանցագործությունների համար: Կատարած հանցագործությունների համար Թուրքիան չպատժվեց, ինչը հետագայում նոր հանցագործությունների առիթ հանդիսացավ Անատոլիայի այլ բնիկ ժողովրդների` ասորիների, հույների, քրդերի դեմ նոր հանցագործությունների համար: Այսօր Թուրքիան շրջափակում է Հայաստանը, առաջ քաշելով ոչ մի բանով չհիմնավորված նախապայմաններ երկկողմ միջպետական հարաբերությունների հաստատման համար, ինչն անընդունելի է միջազգային հարաբերությունների տեսակետից: Պաշտոնական Թուրքիան ամեն կերպ ժխտում է հայ ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանության պատմականորեն ապացուցված փաստը, ճնշում է խոսքի ազատությունը եւ հետապնդում է թուրք քաղաքացիներին, որոնք համարձակվում են շոշափել այդ խնդիրը: Հայ լրագրող, Թուրքիայի քաղաքացի Հրանտ Դինքը դարձավ պետական մակարդակով «հայկական տաբուի» շուրջ սանձազերծած հակահայկական եւ հակաժողովրդավարական հիստերիայի զոհրը: Մեր օրերում կատարվող էթնիկ եւ կրոնական խմբերի ցեղասպանություններն արդեն կատարված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության պատժի հարցում հստակ մոտեցման բացակայության հետեւանք են:



Հայտարարության մեջ ընդգծվում է, որ անհրաժեշտ է, որ հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունն, որի հետեւանքով հայերը զրկվեցին իրենց պատմական հայրենիքից, միջազգայնորեն ճանաչվի եւ դատապարտվի: «Անհրաժեշտ է համակողմանիորեն հետազոտել եւ մշակել գիտական խնդիրները, կապված Հայոց ցեղասպանության թեմայի հետ, լայնորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման թուրք բնակչության շրջանում որպես Թուրքական հանրապետությունում այլ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ ցեղասպան գործողությունների կանխման գրավական: Անհրաժեշտ է աջակցել հայ եւ թուրք ժողովրդների հաշտեցման եւ փոխադարձ հարգանքի ոգուն, հիմնված պատմական հիշողության եւ Ցեղասպանության հետ կապված ապրումների փոխադարձ հարգանքի վրա, գործուն մեխանիզմներ մշակել միջազգային հարաբերություններում ցեղասպան գործողությունների կանխման եւ պատժման համար` ապագայում մարդկության դեմ հանցագործությունները կանխելու նպատակով»,-նշվում է ԼՄԴ 26-րդ Համաշխարհային կոնգրեսի փաստաթղթում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---