Վրաստանում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլով հաղթել է «Վրացական երազանք»-ը

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլով հաղթել է «Վրացական երազանք»-ը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլով հաղթանակ է տարել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կոբախիձեն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով, երկու փուլի արդյունքում «Վրացական երազանք»-ը 115 տեղ կունենա խորհրդարանում՝ հնարավորություն ստանալով փոփոխել երկրի Սահմանադրությունը:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման կողմնակիցները հաղորդում են բազմաթիվ ընտրախախտումների մասին, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Նախնական տվյալների համաձայն՝ Ախալքալաք-Նինոծմինդա ընտրական շրջանում ձայների մեծամասնությունը ստացել է «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Մկոյանի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած 15 731 մարդ (63,42%)։

Վրաստանի հայկական համայնքը տարածած հաղորդագրությունում նշում էր, որ դժվար չէ հաշվել՝ Վրաստանի Իններորդ համագումարի Խորհրդարանում «Ջավախքի ներկայացուցչի» ճակատագիրը որոշել է Ջավախքի ընտրողների ընդհանուր քանակի մոտավորապես 31-32%-ը։ Շրջանի ընտրողների 68-69%-ը մտածելու տեղ ունի:

Ինչ վերաբերում է այլ պաշտոնական տվյալներին՝ իններորդ համագումարի Խորհրդարանի հայ պատգամավորների հարցն արդեն պարզ է։ 2016-2020թթ․ Վրաստանի Խորհրդարանում կաշխատեն ազգությամբ հայ 3 պատգամավոր: Երեքն էլ ներկայացնում են «Վրացական երազանք» կուսակցությունը՝ Հենզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը և Ռուսլան Պողոսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---