ՆԱՏՕ-ն կբարձրացնի իր մարտունակությունը ՌԴ գործողություններին ի պատասխան

ՆԱՏՕ-ն կբարձրացնի իր մարտունակությունը ՌԴ գործողություններին ի պատասխան

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կբարձրացնի իր հարյուր հազարավոր զինվորականների մարտունակությունը ՌԴ հետ հարաբերություններում աճող լարվածության պատճառով: Այդ մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այդ խմբավորման հստակ քանակը նա չի նշել, սակայն հայտարարել է, որ դա կլինի դաշինքի ամենազգալի հզորացումը սառը պատերազմի ավարտից ի վեր և դա քննարկվել է մեկ ամիս առաջ, հայտնում է «Վեդոմոստին» The Times-ի վրա հղումով:

ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի նախկին մշտական ներկայացուցիչ Ադամ Թոմփսոնը կարծիք է հայտնել, որ առաջիկա 2 ամսում ծառայության խստացված ռեժիմի կարող է անցնել մինչև 300.000 մարդ: Այժմ այդ քանակի խմբավորումը կարող է գործի դրվել 180 օրում: Դա կլինեն «երկրորդ շարասյան» ուժեր, որոնք հարկ եղած դեպքում կսատարեն մոտ 5000 անդամ ունեցող արագ արձագանքման ուժերին, որոնք կարող են մարտական գործողությունների գոտի ուղարկվել օրերի ընթացքում:

ՆԱՏՕ-ի երկրները նաև պայմանավորվել են արագ արձագանքման ուժերի թվաքանակը հասցնել 40.000-ի: «Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ակտիվանում է շատ ուղղություններով: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ավելացնում է իր ռազմական հզորությունը, 2000 թ. համեմատ եռապատկել է ռազմական ծախսերը իրական թվերով, նոր ռազմական հնարավորություններ է ստեղծել և զորքեր է կիրառել հարևանների դեմ»,-ասել է Ստոլտենբերգը:

Ըստ նրա, բոլորն են տեսել, որ ՌԴ-ն քարոզչություն է անում ՆԱՏՕ-ի երկրներում, և ՆԱՏՕ-ն պետք է պատասխանի: «Մենք պատասխանում ենք մեր պաշտպանության հավաքական ուժերի ամենազգալի հզորացմամբ սառը պատերազմից ի վեր»,-ասել է նա:

Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն ու ՌԴ-ն առաջիկա շաբաթներին կարող են հանդիպում անցկացնել «Ռուսաստանի խորհուրդ-ՆԱՏՕ» ձևաչափով, 2016-ին սա կլինի արդեն երրորդ հանդիպումը:

Հուլիսին ՆԱՏՕ-ն հավանություն տվեց իր արագ արձագանքման ուժերի տեղակայմանը Լեհաստանում և Բալթիայի երկրներում` 4 գումարտակ 1000-ական զինծառայողով: Հոկտեմբերի վերջում Ստոլտենբերգը զեկուցեց, որ դաշինքը 8 նոր կենտրոնակայան է բացել Արևելյան Եվրոպայում, իսկ անդամ երկրների ռազմական ծախսերը վերջին տարիներին առաջին անգամ աճել են:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---