Նախարար. Որոշ ապրանքներ կարող են արտահանվել Չինաստան առանց մաքսատուրքի

Նախարար. Որոշ ապրանքներ կարող են  արտահանվել Չինաստան առանց մաքսատուրքի

PanARMENIAN.Net - Հայաստանը Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության հետ GSP+ (Արտոնությունների ընդհանրացված համակարգ) միակողմանի արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ բանակցություններ է վարում: Այս մասին նոյեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարի խոսքով՝ բանակցությունների փուլի հաջող ավարտի դեպքում Հայաստանում արտադրված որոշակի ապրանքներ կարող են արտահանվել Չինաստան՝ առանց սահմանափակումների և մաքսատուրքերի:

Կարայանը չի հայտնել, թե կոնկրետ ի՞նչ ապրանքներ կարտահանվեն, ըստ նրա՝ դա կախված է բանակցություններից:

Հարցին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանում ԵՏՄ անդամակցությունից հետո 10 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, այդ ի՞նչ աճի մասին է խոսքը, նախարարն ասել է. «Չգիտեմ», գրում է Yerkir.am-ը:

Կարայանը նաև խոսել է գործարարների ահազանգերի մասին՝ կապված ներկրումների հետ: Նա պնդել է՝ բողոքներ դեռևս չեն եղել, նախարարությունը ներկրման հետ կապված ահազանգ չի ստացել: Կարայանը չի ցանկացել խոսել այն մասին, թե Հայաստանում որևէ նոր ձեռնարկություն բացվելո՞ւ է, թե՞ ոչ: Նա միայն ընդգծել է, որ պետությունը ձեռնարկություններ չի բացում, փոխարենը ստեղծում է դրա համար բարենպաստ պայմանները:

Դեպի Չինաստան Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջատար դեր է խաղում հանքանյութի մատակարարումը:Ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է և ներառում է ապրանքների լայն տեսականի` այդ թվում, հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---