18 տարին չլրացած անձանց ակումբներ այցելելը սահմանափակող իրավական նորմ կմշակվի

18 տարին չլրացած անձանց ակումբներ այցելելը սահմանափակող իրավական նորմ կմշակվի

PanARMENIAN.Net - 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ոգելից խմիչքներ վաճառողների նկատմամբ տուգանք սահմանելու հարցը բարձրացվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Ըստ այդմ՝ աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առևտրի բոլոր օբյեկտներին ծանուցել օրենքի կետը խախտելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին: Աշխատակազմի իրավաբանական վարչությանն էլ հանձնարարվել է 18 տարին չլրացած անձանց ակումբներ և զվարճանքի այլ վայրեր այցելելը սահմանափակող իրավական նորմ մշակել ու ներկայացնել առաջարկ:

Բացի այդ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 7 դեպք, որոնցից մեկը քանդվել է: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը` ժամանակավոր հիմունքներով գործող հասարակական նշանակության օբյեկտները պոլիէթիլենային ծածկերով սահմանազատելու դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է խախտման երկու դեպք: Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել գործընթացը բոլոր վարչական շրջաններում:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է երեք վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չորս լքյալ կրպակ: Ոչ գոհացուցիչ գնահատելով արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ՃՈ հետ համատեղ առավել խիստ և հետևողական աշխատանք տանել բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ:

«Փորձեք երեկոյան ժամերին և հանգստյան օրերին շրջել քաղաքում և կհամոզվեք, որ այստեղ ձեր կողմից հնչեցված թվերը պարզապես ձևական բնույթ են կրում: Նման պատկերն ուղղակի անընդունելի է: Վերանայեք ձեր աշխատաոճն ու հետևություններ կատարեք: Եթե պատկերը շարունակի մնալ նույնը, ապա վարչական շրջանի համապատասխան բաժնի պատասխանատուները, ընդհուպ մինչև վարչական շրջանների ղեկավարների տվյալ բաժինների աշխատանքները համակարգող տեղակալները կենթարկվեն օրենքով սահմանված տույժերի», - ընդգծել է Մարգարյանը:

Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 35 դեպքի մասով: Զեկուցվել է նաև, որ նշված ժամանակահատվածում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ աղբամանները քաղաքացիների տեղաշարժին չխոչընդոտող վայրերում տեղադրելու ուղղությամբ: 12 հասցեում իրականացվել են տեղափոխման աշխատանքներ:

«Սանիթեք» ընկերությանը, վարչական շրջանների ղեկավարներին, օպերատիվ շտաբին և կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է շարունակել մշտական շրջայցերն ու տեղերում արագ լուծում տալ վերոնշյալ խնդրին:

Նոյեմբերի 3-ին Գործադիր մարմնի հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն առողջ ապրելակերպին վերաբերող հանձնարարական է տվել: «Հասարակությունից ստանում ենք արձագանքներ՝ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու կապակցությամբ: Իրականացված ուսումնասիրությունները բավական մտահոգիչ են: Պետք է տույժեր սահմանել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ», - հայտարարել է վարչապետը:

Նա նաև նշել է, որ պետք է գիշերային ակումբներում զվարճանքի կենտրոններում մտցնել տարիքային սահմանափակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---