Պետդեպն ակնկալում է, որ քրդերը կհեռանան Ռաքքայից քաղաքի ազատագրումից հետո

Պետդեպն ակնկալում է, որ քրդերը կհեռանան Ռաքքայից քաղաքի ազատագրումից հետո

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտն ակնկալում է, որ քուրդ կամավորականների ջոկատները կհեռանան Ռաքքայից «Իսլամական պետության» գրոհայիններից քաղաքի ազատագրումից հետո:

«Սիրիայի ժողովրդավարական ուժերը», որոնց կազմում հիմնականում քրդական ջոկատներ են, նոյեմբերի 6-ին հայտարարել էին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ ԻՊ-ից Ռաքքայի ազատագրման գործողության մեկնարկի մասին:

Կոալիցիայում ԱՄՆ դաշնակից Թուրքիան արդեն մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ քրդերը կարող են վերահսկողություն հաստատել քաղաքում ազատագրումից հետո: Մասնավորապես Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Ռաքքայի անցումը քուրդ կամավորականների հսկողության տակ խաղաղություն չի հաստատի տարածաշրջանում:

«Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմում կան ինչպես քուրդ մարտիկներ, այնպես էլ արաբներ, որոնցից շատերը տեղաբնակներ են: Մենք սերտ համագործակցում ենք կազմակերպության անդամների և մեր գործընկերների, այդ թվում Թուրքիայի հետ ազատագրման ուղիների և տեղում իշխանության հաստատման վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ ինչպես և այլ վայրերում, այստեղ էլ արտաքին ուժերը դուրս կբերվեն քաղաքից»,-ասել է Մարկ Թոները:

Նա նշել է, որ Ռաքքայի ազատագրումից հետո գլխավոր խնդիրը կլինի տեղի բնակչության վերադարձն ու «տեղական ինքնակառավարման մարմինների» հաստատումը քաղաքում և արվարձաններում:

Թոները հավելել է, որ կոալիցիան կշարունակի կետային հարվածներ հասցնել ԻՊ դիրքերին:

Նոյեմբերի 2-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ Թուրքիան ինքնուրույն գործողություն չի անցկացնի սիրիական Ռաքքայում:

Թուրքիան դեմ է քրդերի մասնակցությանն ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությանը սիրիական Ռաքքայում և իրաքյան Մոսուլում: Ըստ Անկարայի, գլխավոր դերակատարությունը պետք է ունենան տեղական ուժերը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլշմուշը:

«Մենք կարծում ենք, որ Ռաքքայում և Մոսուլում ԻՊ դեմ գործողություններին առաջին հերթին պետք է տեղական ուժերը մասնակցեն: Միջազգային կոալիցիան պետք է վերահսկի նրանց: Կարևոր է, որ Ռաքքայի գործողությանը չմասնակցեն սիրիացի քրդերը: Ինչպես Ջարաբլուսում Սիրիայի ազատ բանակը դարձավ ԻՊ դեմ պայքարող գլխավոր ուժը, այնտեղ էլ գլխավոր դերակատարը թող լինի չափավոր ընդդիմությունը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---