Լրացուցիչ $50 մլն-ի վարկ՝ Վանաձոր-Բագրատաշեն սահմանային ճանապարհի վերակառուցմանը

Լրացուցիչ $50 մլն-ի վարկ՝ Վանաձոր-Բագրատաշեն սահմանային ճանապարհի վերակառուցմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին վարկ տրամադրել $50 մլն-ին համարժեք եվրոյի չափով (44.037.000): Վարկը Հայաստանին տրամադրվում է 22 տարի մարման ժամկետով, որից 15 տարին՝ արտոնյալ:

ՀՀ անունից վարկային համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Ասիական զարգացման բանկի անունից` ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը:

«Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրի» համաֆինանսավորման նպատակով Եվրոպական ներդրումային բանկի կողմից արդեն իսկ տրամադրվել են 51 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ:

Ծրագրի նպատակն է վերակառուցել Հայաստանի հյուսիսում՝ Վանաձորից Ալավերդիով դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն, ձգվող մոտ 51.5 կմ ընդհանուր երկարությամբ երկշարք M6 մայրուղին, կանխարգելել ճանապարհային ցանցի վատթարացումը և ապահովել անվտանգ, արագ ու հեշտ փոխադրումներ:

Արդյունքում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում կունենանք 51.5կմ ընդհանուր երկարությամբ վերակառուցված ճանապարհ (38+500կմ–90+000կմ)՝ բարելավված ճանապարհածածկով, անվտանգության ապահովման միջոցներով, կլիմայի փոփոխությանը հարմարվելու հնարավորություններով:

Ծրագիրը կխթանի սոցիալական ծառայությունների, գյուղատնտեսության, տուրիզմի և զբաղվածության հասանելիությանը՝ նվազեցնելով տարածաշրջանային տնտեսական և սոցիալական խոչընդոտները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---