Խաղաղապահ ուժերը չեն կարողանա ապահովել հայ եւ ադրբեջանցի ժողովրդների խաղաղ գոյակցությունը

PanARMENIAN.Net - Խաղաղապահ ուժերը, որոնց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացնում են որպես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության երաշխավոր, չեն կարողանա ապահովել հայ եւ ադրբեջանցի ժողովրդների խաղաղ գոյակցությունը: Այդ մասին հունիսի 11-ին «Խաղաղապահներ. տեղեկատվական փաթեթ» բրոշյուրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, հայկական զորքերի դուրս բերումը Ղարաբաղի մերձակա տարածքներից, որոնք կազմում են անվտանգության գոտի, անընդունելի է, քանի որ հակառակ դեպքում կհանգեցնի լայնածավալ ռազմական գործողությունների Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ:



Անդրադառնալով վերը նշված տարածքներում խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավոր հեռանկարներին` բրոշյուրի համահեղինակ Արամ Պալյանը ներկայացրել է Սուդանում, Ռուանդայում, Կոսովոյում, Իրաքում եւ մոլորակի այլ թեժ կետերում խաղաղապահ գործողությունների մանրամասները: Նա տեղեկացրել է, որ գործնականում ամենուրեք, որտեղ կա միջազգային խաղաղապահ զորակազմ, սպանությունները, ծաղր ու ծանակը եւ թմրանյութերի վաճառքը զանգվածային բնույթ են կրում: Մեկնաբանելով հայ մի շարք քաղաքական գործիչների համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններում խաղաղապահ ստորաբաժանումների հնարավոր տեղակայմանը` Պալյանը հայտարարել է, թե, հնարավոր է, որ Հայաստանի կառավարությունը պարտավորություններ է ստանձնել, որոնք խոչընդոտում են նման հեռանկարի կտրուկ մերժմանը: «Ինչպես հայտնի է, Հայաստանը ակտիվորեն մասնակցում է խաղաղապահ գործողություններին, հավանաբար, դա էլ խանգարում է երկրի ղեկավարությանը հրաժարվել խաղաղապահների «ծառայություններից» ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-ասել է նա:



Իր հերթին «Խաղաղապահներ. տեղեկատվական փաթեթ» բրոշյուրի մյուս համահեղինակ Կարեն Վրդանեսյանը նշել է նաեւ, որ խաղաղապահ ուժերի տեղակայումն անընդունելի է հակամարտության գոտում: Որպես հիմնավորում նա մեջբերում է արել մոլորակի տարբեր մասերում խաղաղապահների գործունեության մասին ՄԱԿ-ի վերջին զեկույցներից, որի համաձայն այսօրվա դրությամբ խաղաղապահ գործողությունների հիմնական մասը անհաջողության է դատապարտված:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---