Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներ իրականացնող 2 ընկերություն արդեն գործում է կանոնավոր չափանիշներով

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներ իրականացնող 2 ընկերություն արդեն գործում է կանոնավոր չափանիշներով

PanARMENIAN.Net - Ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող երկու խոշոր ընկերություն՝ «Եվրասիա» և «Բուս վոյաժ» ՍՊ ընկերությունները, իրենց գործունեությունն արդեն կազմակերպում են կանոնավոր ուղևորափոխադրումների համար սահմանված չափորոշիչներին համապատասխան, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Հոկտեմբերի 14-ին Բեսլան քաղաքի մոտ ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ պետք է խստացնել և կանոնակարգել ուղևորափոխադրումների ոլորտը։

Ուղևորափոխադրումների ոլորտը կանոնակարգելու մասին նախարարի հայտարարությունից անցել է մեկ ամիս: Այդ ընթացքում աշխատանքներ են տարվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների հետ, որպեսզի թե՛ կանոնավոր և թե՛ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում ընկերությունները կատարեն իրենց պարտականությունները՝ առաջնությունը տալով ուղևորների անվտանգությանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը զեկուցել է նախարարին. «Ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող երկու խոշոր ընկերություններ՝ «Եվրասիա» և «Բուս վոյաժ» ՍՊ ընկերությունները, համագործակցելով նախարարության հետ, արդեն իսկ իրենց գործունեությունը կազմակերպում են կանոնավոր ուղևորափոխադրումների համար սահմանված չափորոշիչներին համապատասխան»:

«Նշված ընկերությունները ուղևորափոխադրումներն իրականացնում են Հյուսիսային ավտոկայանից», - ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը` ավելացնելով, որ չնայած միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման և իրականացման կարգի վերաբերյալ օրենքի նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում, այդուհանդերձ, այդ երկու ընկերությունները ցանկություն են հայտնել իրենց ուղևորափոխադրումներն իրականացնել կանոնավոր ուղևորափոխադրումների չափանիշներին համապատասխան:

Նոր նախագծով սահմանվում է, որ ՀՀ-ի հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն բացառապես ավտոկայարաններից և ավտոկայաններից, իսկ տրանսպորտային միջոցների կայանումը, պահպանումը (գիշերակացը), տեխնիկական նախաուղերթային զննությունը, վարորդների բուժզննումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետությունում՝ ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպություններում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---