33  16.11.16 - ԱՄՆ դեսպանատունն ու HSBC Հայաստանը համատեղ կազմակերպել են «Ժամանակակից հանքարդյունաբերություն» թեմայով մեկօրյա համաժողովը

Ժամանակակից հանքարդյունաբերությունը ՀՀ-ում. ԱՄՆ առաջատար 7 ընկերության մասնակցությամբ բիզնես-համաժողով՝ Երևանում

Ժամանակակից հանքարդյունաբերությունը ՀՀ-ում. ԱՄՆ առաջատար 7 ընկերության մասնակցությամբ բիզնես-համաժողով՝ Երևանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին Երևանում մեկնարկել է մեկօրյա բիզնես-համաժողովը՝ ուղղված կենսունակ հանքարդյունաբերության հարցերի քննարկմանը: Այն կազմակերպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու HSBC Բանկի հետ համատեղ:

Համաժողովի նպատակը կապերի ձևավորումն է Հայաստանի հանքարդյունաբերողների ու ամերիկյան հայտնի ընկերությունների միջև, որոնք առաջարկում են լուծումներ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը և օգնում բնապահպանական հարցերում: Համաժողովին մասնակցում է ամերիկյան առաջատար 7 ընկերություն և հայկական հանքարդյունահանող 35 ընկերության ներկայացուցիչներ: Իրենց ապրանքներն ու ծառայությունները ներկայացնելու համար Հայաստան են գործուղվել ամերիկյան 7 կորպորացիայի՝ Մոդյուլար մայնինգ սիսթեմզի, Ջեներալ էլեքթրիկի, Կատերպիլար/Զեպպելինի, ԱյԲիԷմի, Հանիվելի, Տեռա սորս գլոբալի և Դոուի ներկայացուցիչներ:

Համաժողովը միտված է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առևտրային բնույթի հարաբերությունների ամրապնդմանը՝ Հայաստանի հանքարդյունահանողներին ներկայացնելով առաջատար ամերիկյան ընկերություններին, իսկ ամերիկյան ընկերություններին հնարավորություն ընձեռելով ներկայացնել տեխնոլոգիաների ասպարեզում իրենց նորագույն տեսականին:

«Հանքարդյունահանումը, եթե կատարվում է պատասխանատու ու թափանցիկ կերպով և միջազգային բնապահպանական ու սոցիալական ամենաբարձր նորմերին համապատասխան, կարող է լինել հաջող և շահավետ ներդրում Հայաստանի ժողովրդի համար: Կենսունակ հանքարդյունահանումը նորագույն տեխնոլոգիաների ու սարքավորումների կիրառմամբ անվտանգ կլինի հանքարդյունաբերության աշխատողների համար ու հնարավորություն կտա ապահովելու Հայաստանի բնության պահպանումը», - բացման ելույթում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նա շեշտեց, որ դեսպանատան ուշադրության կենտրոնում հանքարդյունաբերության ոլորտն է, քանի որ դա Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է՝ զգալի մասնաբաժին ունենալով երկրի ՀՆԱ-ում և արտահանման մեջ:

Միլսի խոսքով, այս ոլորտն իրական հնարավորություններ ունի Հայաստանի համար, իսկ այդ հնարավորությունները միայն թղթի վրա ամրագրված գաղափարներ չեն. կան հաջող հանքարդյունաբերությամբ զբաղվող ձեռնարկություններ, որոնք արդեն գործում են և ձգտում ընդլայնել իրենց գործունեությունը: «Մենք ուզում ենք, որ նրանք աճեն և միաժամանակ պահպանվի երկրի բնական գեղեցկությունը, ներդրումներ կատարվեն այն համայնքներում, որտեղ արդյունահանում են իրականացնում, և ապահովվի աշխատուժի պաշտպանվածությունը», - ասաց դեսպան Միլսը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իր հերթին, նշեց, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի կարևոր հենասյուներից է, այն ՀՀ տնտեսության առաջատար ոլորտներից է: Նա նկատեց, որ ՀՀ արտահանման ամենամեծ բաժինն ընկնում է հենց հանքարդյունաբերությանը. 2015-ին այս ոլորտի արտադրանքը $462 մլն էր կազմել, ինչը ՀՀ ամբողջ արտադրության մոտ 31%-ն է կազմում:

Նախարարի խոսքով, այս ճյուղում օտարերկրյա ներդրումներն ուղեկցվում են առաջատար տեխնոլոգիաների, բարձր որակավորում ունեցող մասնագետների մուտքով երկիր: Կարայանը շեշտեց, որ կառավարությունը կարևորում է հանքարդյունաբերության շարունակական զարգացումը՝ ժամանակակից, էկոլոգիապես մաքուր եղանակով:

HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարն իր հերթին նշեց, որ նպատակ ունեն նպաստել սոցիալապես պատասխանատու և կայուն հանքաարդյունաբերության զարգացմանը Հայաստանում:

Փոլ Էդգարի խոսքով՝ կներկայացվի ոլորտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, կլինի նոր տեխնոլոգիաների շուրջ փորձի փոխանակում, ինչպես նաեւ HSBC-ի հրավիրյալ մասնագետը՝ Անդրյու Ռոբինսոնը, կներկայացնի բանկի առաջարկած ֆինանսավորման լուծումները՝ նախատեսված հանքարդյունաբերության ոլորտի հաճախորդների և իրենց մատակարար ցանցերի համար:

«Հանքարդյունաբերությունը չափազանց կարևոր դեր ունի և այսօրվա հասարակության հիմնական կարիքները բավարարելու հիմնաքարն է: Հանքարդյունաբերությունը ներառում է հետախուզման, արդյունահանման, ինչպես նաև օգտակար հանածոների համալիր արդյունաբերական աշխատանքներ, որոնք անհրաժեշտ են պղնձի, ոսկու կամ այլ նուրբ մետաղների արտադրման համար, որոնք Հայաստանն արտադրում է՝ հիմնականում արտահանման նպատակով:

Սակայն, եթե չկարողանանք այդ աշխատանքներն իրականացնել պատասխանատու ձևով, ապա դրանք կարող են անընդունելի բացասական ազդեցություն ունենալ մարդկանց եւ շրջակա միջավայրի համար», - նկատեց HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենը:

Նա շեշտեց, որ HSBC–ն ամբողջ աշխարհում է հանքարդյունաբերության և մետաղագործության ոլորտի կողմնակիցը:

«Մեր նպատակն է ապահովել մեր հաճախորդների գործունեությունը՝ միջազգային փորձի և նվազագույն չափանիշների համաձայն:

Մենք գիտակցում ենք, որ չհետևելու և անուշադրության դեպքում շրջակա միջավայրին հասցվող վնասն ու կլիմայի փոփոխությունը բացասական կազդեն մեր հաճախորդների, համայնքների և շրջակա միջավայրի վրա, իսկ դրանց վրա արդեն ավելի քան 150 տարի կառուցվում է HSBC-ի բիզնեսը: Եթե բանկն ուզում է հաջողել իր հավակնություններում, որն է՝ օգնել մարդկանց իրականացնել իրենց նպատակները, ապա պարտավոր է նաև կարևոր դեր խաղալու՝ այդ մարտահրավերները հաղթահարոլու գործում», - ասաց Փոլ Էդգարը:

Մեկօրյա համաժողովի ընթացքում եղան նաև զեկույցներ ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի, HSBC բանկի, Լիդիան ինթերնեյշնլի և ՀՀ կառավարության պաշտոնյաների կողմից:

Մեկօրյա այս համաժողովի ընթացքում ամերիկյան ընկերությունները պատկերացում կկազմեն ՀՀ կառավարության ու տեղի գործարարների նպատակների ու գերակայությունների մասին, ինչպես նաև կծանոթանան բազմակողմ ֆինանսական հաստատությունների և բիզնես դաշտի հիմնական դերակատարների տեսակետներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---