Թուրքիայի իշխող կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների նախագիծն է ներկայացրել

Թուրքիայի իշխող կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների նախագիծն է ներկայացրել

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) սահմանադրական փոփոխությունների նախագծի նախնական տեքստը ներկայացրել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությանը» (MHP-ԱՇԿ):

Թուրքական իշխանամետ Sabah թերթին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ նախագծում որպես կառավարման համակարգ ընտրվել է նախագահական մոդելը, ըստ որի, գործադիր իշխանության և երկրի ղեկավար է համարվում նախագահը:

Եթե սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով ընդունվեն, ապա նախագահական համակարգին անցումը կկատարվի 2019 թվականին: Ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի պաշտոնավարել մինչև 2019թ. և կիրառել նոր համակարգով սահմանված որոշ լիազորություններ:

Ըստ նախագծի՝ նույն անձն իրավունք ունի նախագահ ընտրվել 2 շրջան 5-ական տարի ժամկետով: Նախագահի ընտրությունները կարող են անցկացվել առավելագույնը 2 փուլով: 1-ին փուլում, եթե թեկնածուներից որևէ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսը, ապա պետք է անցկացվի 2-րդ փուլ, որտեղ նախագահ կընտրվի առավելագույն ձայն հավաքած թեկնածուն:

Նախագահի թեկնածու կարող են առաջադրել մեջլիս անցած կուսակցությունները: Խորհրդարանում չներկայացված, սակայն խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսից ավել ձայն հավաքած կուսակցությունները համապատասխան քանակի ստորագրություն հավաքելու դեպքում նույնպես իրավունք կունենան նախագահի թեկնածու առաջադրել: Նախագահին է վերապահված ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, Ազգային հետախուզության ծառայության պետ, ռեկտորներ և այլ պաշտոնյաներ նշանակելու իրավունքը: Խորհրդարանի կառուցվածքին վերաբերող հատվածում նշվում է, որ այն շարունակելու է մնալ միապալատ կառույց:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը մեջլիսում անցկացնելու համար անհրաժեշտ է 330 ձայն, այնինչ ԱԶԿ-ն ունի 316 մանդատ: Իշխող կուսակցությունը նախագիծն խորհրդարանում անցկացնելու և հանրաքվեի դնելու նպատակով բանակցություններ էր սկսել «Գորշ գայլերի» քաղաքական թևի՝ ԱՇկ-ի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---