Նախագահը՝ ԵՄ հանձնակատարին. ՀՀ-ն ամեն ինչ արել է Արևելյան գործընկերության ծրագրի կայացման համար

Նախագահը՝ ԵՄ հանձնակատարին. ՀՀ-ն ամեն ինչ արել է Արևելյան գործընկերության ծրագրի կայացման համար

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:

Նոյեմբերի 17-ին Երևանում կայացել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին մասնակցել են նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:

Հանդիպմանը Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է իր մասնակցությունը Արևելյան գործընկերության ծրագրին և անցած տարիների ընթացքում, հնարավորության սահմաններում, արել է ամեն ինչ համագործակցային այդ ձևաչափի կայացման ու զարգացման համար: ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ թե՛ արտաքին գործերի, թե՛ կրթության, գիտության ու հետազոտությունների հարցերով նախարարական քննարկումների արդյունքները, 2017թ. Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ, իրենց դրական ներդրումը կունենան ԵՄ և գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում:

ՀՀ նախագահը նշել է, որ որակական առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ԵՄ համագործակցության մեջ՝ ավելի է ակտիվացել բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ: Հանրապետության նախագահը հատկանշական է համարել, որ դեռևս մեկ տարի առաջ Հանի հետ քննարկած որոշ հարցեր արդեն երկկողմ օրակարգի մաս են դարձել, այդ թվում՝ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները:

Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը և հանձնակատար Յոհաննես Հանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---