Արծրուն Հովհաննիսյան. Նախկինում վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքներին աջակցելու մեխանիզմը վերանայվում է

Արծրուն Հովհաննիսյան. Նախկինում վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքներին աջակցելու մեխանիզմը վերանայվում է

PanARMENIAN.Net - Զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողներին օգնելու համար ստեղծվելիք հիմնադրամին ամսական 1000 դրամ կվճարի մոտ 500 հազար մարդ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին հայտարարել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է Aysor.am-ը:

ՀՀ կառավարության նոյեմբերի 11-ի նիստում որոշվել է, որ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար նախատեսված հատուկ կառույց կստեղծվի, որին կուղղվի յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրամաշնորհային վճարը:

«Մոտ 700 հազար գրանցված աշխատողից այս հիմնադրամի գործունեությանը ռեալ մասնակցելու է 500 հազարից քիչ մարդ` հաշվի առնելով բացառությունները նվազագույն աշխատավարձ ստացողների կամ զինծառայող ունեցող ընտանիքների համար»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ նրա` օրենսդրությունը ենթադրում է, որ զոհվելու դեպքում զինծառայողի ընտանիքին կտրամադրվի 5-10 մլն դրամ միանվագ վճար և 200-300 հազար դրամ ամենամսյա մշտական վճար:

«Գումարի այս տատանումը կախված է լինելու հաշմանդամության կարգից, կոչումից, ծառայության ստաժից և այլն: Գումարը ծախսվելու է միայն այս մեխանիզմով: Եթե, Աստված տա, չլինեն զոհեր 2017թ.-ին և հետայսու, ինչը բոլորս ենք ցանկանում, և գումարները կուտակվեն, որոշակիորեն վերանայվելու են նաև նախորդ տարիներին մեր կորցրած զինծառայողների ընտանիքներին վճարվելիք գումարները»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ անկախ այս օրինագծից` նախորդ տարիներին վիրավորում ստացած կամ զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցության մեխանիզմներն արդեն վերանայվում են:

«Սա կարևոր է, քանի որ ինչ-որ կետից մենք պետք է ունենանք գրեթե համահավասարեցված իրավիճակ»;-ասել է նա:

Հովհաննիսյանը հավելել է, որ եթե քաղաքացին գրանցված աշխատող է մի քանի աշխատավայրում, ապա 1000 դրամ վճարումնը կատարվելու է միայն մեկ աշխատավայրից:

Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ գտնել բանաձև, որով 2017թ. հունվարի 28-ից՝ մեր բանակի 25-րդ տարեդարձի օրվանից ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ:2017թ հունվարի 28-ից հետո մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Այնուհետև, եթե զոհվածը սպա է, նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարական դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է և երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն և համապատասխանաբարար՝ 250, 150 և 100 հազարական դրամ։ Նախատեսվում են նաև այլ փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու և այլ դեպքերի համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---