Էրդողանը հայտարարել է սիրիական Մանբիջը գրոհելու մտադրության մասին

Էրդողանը հայտարարել է սիրիական Մանբիջը գրոհելու մտադրության մասին

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը» թուրքական ԶՈւ աջակցությամբ Էլ Բաբ քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո հարձակման կանցնի Մանբիջ քաղաքի ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Lenta.ru-ն:

«Էլ Բաբից հետո մենք առաջ կշարժվենք, դեպի Մանբիջ: Այնտեղ են գտնվում սիրիացի քրդերի ահաբեկչական կազմակերպությունները: Նրանք պետք է դեպի արևելք հեռանան, նրանք խոստացել են դա անել: Ասում են, որ մի մասն արդեն հեռացել է: Դա նրանց հողը չէ, այնտեղ արաբներ են ապրում, թող արաբներն էլ ապրեն: Թուրքիան մտադիր չէ այնտեղ տեղակայվել»,-ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Անկարայում ռազմական ակադեմիայի շրջանավարտների առջև:

Նա հավելել է, որ Թուրքիայի անվտանգության հայեցակարգն այն է, որ պետք չէ սպասել, մինչև սպառնալիքը հասնի Թուրքիայի սահմաններին, այլ հարկավոր է կանխել դրանից շատ ավելի վաղ:

Մինչդեռ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի ներկայությունը Սիրիայի տարածքում ներխուժում է, որին իր ժողովուրդն իրավունք ունի պատասխանելու:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---