ԵԽԽՎ համազեկուցողները ՀՀ նախագահին հրավիրել են ԵԽ՝ Հայաստանի մասին խոսելու

ԵԽԽՎ համազեկուցողները ՀՀ նախագահին հրավիրել են ԵԽ՝ Հայաստանի մասին խոսելու

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել են ԵԽ՝ Հայաստանի մասին խոսելու: Այս մասին նրանք ասել են նոյեմբերի 23-ին՝ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Նախագահականից հայտնում են, որ համազեկուցողները գոհունակությամբ են փաստել, որ Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ առաջընթացը բավականին արագ և հետևողականորեն է իրականցվում, թեև, ըստ նրանց, դեռևս որոշ փոքր խնդիրներ կան լուծելու:

«Այս ընթացքում Ձեր դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու գործում, իսկապես, շատ զգալի է եղել: Մենք ցանկանում ենք Եվրոպայի խորհրդի անունից պաշտոնապես հրավիրել Ձեզ այցելել Եվրոպայի խորհուրդ և ԵԽԽՎ-ում խոսել Հայաստանի մասին»,- դիմելով նախագահին՝ ասել են ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողները:

Վերջինս շնորհակալությամբ է ընդունել հրավերը՝ ընդգծելով, որ դա լավ հնարավորություն է բարձր ամբիոնից ներկայացնելու Հայաստանում իրականացված աշխատանքներն ու դեռևս առկա խնդիրները:

Սերժ Սարգսյանը կարևորել է փաստահավաք առաքելության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են ընձեռում անդրադառնալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, տվյալ ժամանակահատվածում արձանագրված արդյունքներին, ինչպես նաև լսելու եվրոպական արժեհամակարգին քաջածանոթ մարդկանց գնահատականն ու անաչառ տեսակետը: Նախագահը բարձր է գնահատել համազեկուցողների դերակատարությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների մշտադիտարկման հարցում և շնորհակալություն հայտնել իրականացվող աշխատանքի համար:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո օրենսդրության համապատասխանեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքին, ԵԽ-ի հետ Հայաստանի գործակցության զարգացմանը՝ այդ համատեքստում կարևորելով ԵԽ գործողությունների նոր ծրագրի մեկնարկը: Հանրապետության նախագահը և համազեկուցողները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---