Միքայել Հարությունյանն ու Ռոբերտ Սիմոնսը քննարկել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունում հայ բժիշկների մասնակցության հարցը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, կարեւորելով Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար առաքելություններում, Ռոբերտ Սիմոնսը բարձր գնահատեց մեր գործընկերությունը մասնավորապես Կոսովոյում, որտեղ Հայաստանը մյուս խաղաղապահների հետ անվտանգության լուրջ երաշխավոր է դարձել:



Կողմերն անդրադարձան նաեւ Աֆղանստանում գործող ՆԱՏՕ-ի ISAF-ի (Միջազգային անվտանգության աջակցության ուժեր) կազմում Հայաստանից բժիշկներ ներառելու հեռանկարին, որը կունենա բացառապես մարդասիրական ուղղվածություն:



Կողմերը մտքեր փոխանակեցին ԱԳԳԾ նախատեսված բարեփոխումների ընթացքի, պաշտպանության ոլորտում քաղաքացիական անձանց ներգրավվածության, ոլորտի աշխատանքների թափանցիկության, տեղեկատվական դաշտի կատարելագործման, միջազգային խաղաղարար ուժերի կազմում հայկական ստորաբաժանումների մասնակցության շարունակականության եւ մասնագետների պատրաստմանն առնչվող խնդիրների շուրջ: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մոտ օրերս կունենա զինված ուժերի հարցերով զբաղվող ներկայացուցիչ, ինչը կնպաստի Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծմանը:



Խոսվեց նաեւ Ռազմական դոկտրինի մասին, որն առանցքային է երկուստեք համագործակցության զարգացման հարցում: «Գործընկերությունը չի մրցակցում այլ անվտանգության համակարգերի հետ` լինի դա Ռուսաստան կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, ընդհակառակը, բոլոր ջանքերն ուղղված են գործընկեր երկրների, այդ թվում Հայաստանի շահերի պաշտպանությանը»,- նշել է Ռ. Սիմոնսը:



Հանդիպման ավարտին նախարարն անհանգստություն արտահայտեց Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրից (ԵՍԶՈՒ) Ադրբեջանի` դուրս գալու մասին վերջերս արված հայտարարության վերաբերյալ: Ռ.Սիմոնսն, իր հերթին, ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն որոշակիորեն պաշտպանում է պայմանագրի բոլոր դրույթների անթերի կատարումը, ինչը պայմանավորված է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանման անհրաժեշտությամբ: «ՆԱՏՕ-ն մոտ ժամանակներս հատուկ քննարկումներ է կազմակերպելու Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից պայմանագրի հանդեպ մորատորիում հայտարարելու վերաբերյալ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարռուղարի հատուկ ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---