Օլանդը չի առաջադրվի նախագահության երկրորդ ժամկետի համար

Օլանդը չի առաջադրվի նախագահության երկրորդ ժամկետի համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի առաջադրվի նախագահության երկրորդ ժամկետի համար, սակայն կշարունակի պաշտոնավարել մինչ իր մանդատի ավարտը` 2017-ի մայիսը: Այդ մասին նա հայտնել է հայրենակիցներին ուղղված տեսաուղերձում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես որոշեցի, որ թեկնածությունս չեմ առաջադրելու առաջիկա ընտրություններում»,-ասել է Օլանդը: «Ես հասկանում եմ, որ իմ թեկնածության առաջադրումը կարող է սպառնալիքի տակ դնել ձախակողմյան ուժերի միասնությունը Ֆրանսիայում: Ես չեմ ուզում, որ Ֆրանսիան արկածախնդրության ենթարկվի, ինչը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ»,-ասել է նա:

Որպես իր պաշտոնավարման բարդ շրջանի գլխավոր սպառնալիք Օլանդը նշել է ահաբեկչությունը` հիշեցնելով Փարիզի և Նիսի ահաբեկչությունների մասին:

Ըստ վերջին ամիսների հարցումների, Օլանդի վարկանիշը հասել է նվազագույն նիշի: Ֆրանսիացիների մեծ մասը` մոտ 90 տոկոսը, չի ցանկանում, որ Օլանդը կրկին առաջադրվի նախագահի պաշտոնում:

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա 2017-ի ապրիլի 23-ին, երկրորդը` մայիսի 7-ին: «Հանրապետականներ» կուսակցությունը ընտրություններում կներկայացնի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը վստահ հաղթանակ է տարել ներկուսակցական ընտրություններում: Նախագահի պաշտոնին է հավակնում նաև «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---