83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ. ԱԺ-ն հաստատել է 2017-ի պետբյուջեն

83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ. ԱԺ-ն հաստատել է 2017-ի պետբյուջեն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին քվեարկությամբ հաստատել է 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Կառավարության ներկայացրած փաստաթղթին կողմ է արտահայտվել 83, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ քվեարկությունից առաջ ևս մեկ անգամ դեմ քվեարկելու կոչ է հնչեցրել ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանը՝ հայտարարելով, որ այս բյուջեն «ոչ մի սանտիմետր քայլ առաջ չէ»: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարությունն իր բերած նախագծի քննարկմանը «մեղմ ասած՝ ամբողջական կազմով չէր» ներկա և հորդորել «դրայվով դեմ քվեարկել»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերահաստատել է՝ իրենք դեմ են քվեարկելու, իսկ բյուջեի նախագիծը համարել է գրավոր խոստովանություն այն մասին, որ կառավարությունն ի վիճակի չէ զարգացնել երկիրը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս հայտարարել է՝ այս բյուջեում որևէ առաջխաղացում չկա ոչ կրթության, ոչ էլ առողջապահության ոլորտներում:

«Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները ոչ մի սպասելիք չունեն»,- ասել է Բիշարյանը, վերահաստատելով՝ իրենք ևս դեմ են քվեարկելու:

Գործադիրը դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին: Պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ, որից հետո սահմանված կարգով՝ Ազգային ժողով: Ազգային ժողովում պետբյուջեի նախագծի քննարկումների արդյունքներով կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից ստացել է 339 առաջարկություն:

Կարդացեք նաև՝ 2017-ի պետբյուջեի եկամուտների և ծախսերի ծավալը կարող է ավելանալ

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---