Ինքնազբաղվածներին ազատել հարկումից և կիրառել հարկային համաներում. ՊԵԿ-ը առաջարկների փաթեթ է ներկայացրել

Ինքնազբաղվածներին ազատել հարկումից և կիրառել հարկային համաներում. ՊԵԿ-ը առաջարկների փաթեթ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն առաջարկել է ինքնազբաղված անձանց ազատել հարկումից և կիրառել հարկային համաներում: Այս մասին Գործադիրի դեկտեմբերի 8-ի նիստում ասել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ ներկայացնելով օրենքի նախագծերի փաթեթ:

Հարությունյանի խոսքով՝ փաթեթով նախատեսվում է գործունեության կոնկրետ սահմանված տեսակներով ինքնազբաղված անձանց ազատել հարկումից:

«Երկրորդ՝ կիրառել հարկային համաներում՝ մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին ազատել այդ գումարների վճարումից: Սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին, նոտարներին և ինքնազբաղված անձանց ազատել տույժերից:

Մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ` երկու և ավելի գույք օտարած և ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց ազատել տույժերից և տուգանքներից, հարկային մարմին ներկայացնող հարկ վճարողներին ազատել ճշգրտման արդյունքում տույժերի վճարումներից»,- փաթեթը ներկայացրել է ՊԵԿ նախագահը:

Բացի այդ, առաջարկվում է փաստացի գործունություն չիրականացնող գույք և հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն ընձեռել:

Չորրորդ նախագծով առաջարկվում է նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների ներկրման վերջնաժամկետը երկարացնել մինչև 2018 թվականի հունվարի 1, 5-րդով՝ ակցիզային դրոշմանիշների էլեկտրոնային եղանակով տրամադրելու ընթացակարգը կիրառել 2017 թվականի հունվարի մեկից:

Ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ իր կարծիքով առաջարկները հետաքրքիր են.

«Պետք է մաքսիմալ տեղեկացված պահել հանրությանը, որպեսզի իմանան՝ ինչի մասին է խոսքը և իրենք պատրաստվեն ու կիրառեն նշված արտոնությունները ու նախաձեռնությունները»:

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացրել է օպերատիվ-հետախուզական 1044 միջոցառում` 2015թ.-ի նույն ժամանակահատվածի` 1582-ի համեմատ:

2016-ի 9 ամսում օպերատիվ-հետախուզական միջոցառումների թիվը նվազել է 538-ով կամ 34 տոկոսով: Արդյունքում` մեկ միջոցառումով արձանագրված միջին գումարը 2016-ին կազմել է 0,6 մլն դրամ, իսկ 2015-ին` 0,4 մլն դրամ: Այսինքն` միջոցառումների կրճատման արդյունքում` ապահովվել է 1,5 անգամ բարձր արդյունավետություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---