Վարչապետն ու Էռնեկյանը քննարկել են տարբեր ոլորտներում նոր նախագծերի հեռանկարները

Վարչապետն ու Էռնեկյանը քննարկել են տարբեր ոլորտներում նոր նախագծերի հեռանկարները

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Վարչապետը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը Հայաստանում, նշել, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, և կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը:

Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը մտքեր են փոխանակել Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարբեր ոլորտներում նոր նախագծերի հեռանկարների շուրջ:

Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են Արմավիրի մարզում արևային էլեկտրակայանի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման, Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջության խթանման, արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու նաև տեղեկացրել, որ կառավարությունն ստեղծում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը ծառայելու է որպես հարթակ պետություն-մասնավոր հատված համագործակցության ներքո համատեղ ծրագրերի կյանքի կոչման համար:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է ներդրողների, գործարարների հետ մշտական հետադարձ կապն ու բաց է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու և հարմարավետ բիզնես միջավայր ձևավորելու համար:

Ողջունելով կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ Էդուարդո Էռնեկյանը նշել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը, և միաժամանակ պատրաստակամություն հայտնել իր ներկայացուցչի միջոցով ներգրավվել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աշխատանքներում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Էդուարդո Էռնեկյանը Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ներդնողն է: 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։ 2006 թ. Էռնեկյանը ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։

Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում: «Տիեռասե դե Արմենիա» ընկերությունը Հայաստանում 2004 թվականի նոյեմբերից 2300 հա անմշակ հողատարածքում զարգացման 15 տարիների ծրագրով զբաղվում է խաղողագործությամբ, արդեն իսկ հիմնվել է 300 հա խաղողի այգի։

Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը (գրանցված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում) գնել է ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ ներկայում տեղակայված է արտաքին գործերի նախարարությունը՝ 51, 27 մլն դոլարով: Շենքում նախատեսվում է բացել «Kempinski» համաշխարհային ճանաչում ունեցող ցանցի հյուրանոց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---