«1000 դրամի» օրինագիծը քննարկվել է ԱԺ-ում. Հիմնադրամը կազատվի շահութահարկից

«1000 դրամի» օրինագիծը քննարկվել է ԱԺ-ում. Հիմնադրամը կազատվի շահութահարկից

PanARMENIAN.Net - ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող Վիգեն Սարգսյանն ընդգծել է՝ օրենքով նախատեսվում է, որ հատուցման հիանադրամի կողմից շահութահարկ չի վճարվելու, հիմնադրամը նաև ազատվելու է օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարներից։

Նախարարի խոսքով՝ հատուցման հիմնադրամի վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որևէ այլ սահմանափակում, որևէ պահանջով՝ բացառությամբ կյանքին կամ առողջությանը հասցված վնասներից։

«Հատուցման հմնադրամի կողմից շահառուների անձնական տեղեկությունների հրապարակումը չի համարվում օրենքով սահմանված անձնական տվյալների հրապարակում», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծով տեսական հնարավորություն է ստեղծվում զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հարցը կլուծվի: «Աստված հեռու պահի, հունվարի 1-ից հետոյի դեպքերի համար, դրանից հետո օրենքը հետադարձ ուժ կունենա: Մեկ էլ այստեղ հնչում է զորեղ փաստարկը՝ իշխանությունը կոռումպացված է»,-ասել է Փաշինյանը:

Նա հարցնում է՝ եթե այդ օրենքը չընդունվի, իշխանությունը դադարելո՞ւ է թալանչի լինել:

«Զոհված զինծառայողի՝ ուսման վարձ վճարել չկարողացող երեխային մենք ի՞նչ ենք ասում: Ասում ենք՝ բալիկ ջան, քանի որ իշխանությունը թալանչի է, քո հայրն էլ մեր չափ խելք չի ունեցել, որ գնացել է՝ հայրենիքի համար զոհվել է, ուրեմն դու գնա օլիգարխների գովազդային կլիպներում մանեկենություն արա, օրերդ անցկացրու որևէ «բարեգործի» դռների տակ, մինչև մենք իշխանափոխության կհասնենք, Հայաստանում կհաստատենք օրինականություն, ինչպես անում ենք արդեն 20 տարի գարուն, աշուն, ձմեռ և՝ այդպես»,- նկատել է նա, գրում է Panorama.am-ը:

Փաշինյանի խոսքով, նույն հիմնավորմամբ կարելի է կոչ անել, որ երիտասարդները չգնան ծառայության. «Իմ արձանագրումը հետևյալն է, որ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքը չպետք է լինի բարեգործության կամ որևէ մեկի քմահաճույքի հույսին: Էն որ գնում են սելֆիներ են անում, ռեպորտաժներ են անում, տարանք, եսիմ ինչ արեցինք, նվաստացուցիչ են այդ ընտանիքների համար: Մենք այդ հազար դրամները պետությանը չենք տալիս»:

Կառավարության այս առաջարկները տնտեսագիտական տեսանկյունից գնահատելով` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշել է, որ սրանով կառավարությունն, ըստ էության, նոր հարկատեսակ է ներմուծում, բայց դրա անունն այլ բան է դնում:

Իսկ ինչ վերաբերում է հիմնադրամին, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, «կառավարությունը ստեղծում է ամենասովորական ներդրումային հիմնադրամը, որը, սակայն, չի ենթարկվելու հիմնադրամների մասին գործող օրենսդրական կարգավորումներին, ինչը հղի է պատգամավորին մտահոգող ռիսկերով»:

Բացի այդ, ընդդիմությունը դարձյալ բարձրաձայնեց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների աջակցությունը հանրության ուժերով կազմակերպելու կառավարության առաջարկը: Նրանց համոզմամբ` պետությունն իր պարտականությունը փորձում է բարդել քաղաքացիների ուսերին:

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, հակառակը` վստահ է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել զինծառայողների ընտանիքներին օգնելու գործին, գրում է Sputnik Արմենիան:

2017թ հունվարի 28-ից հետո մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Այնուհետև, եթե զոհվածը սպա է, նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարական դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է և երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն և համապատասխանաբարար՝ 250, 150 և 100 հազարական դրամ։ Նախատեսվում են նաև այլ փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու և այլ դեպքերի համար։

Կարդացեք նաև՝ ՊՆ. «1000 դրամի» պարտադիր պահանջը մնում է անփոփոխ՝ որոշ բացառություններով

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---