Մոտ 4300 ԱՁ ու 1600 ինքնազբաղված կազատվի հարկերից կամ տույժերից

Մոտ 4300 ԱՁ ու 1600 ինքնազբաղված կազատվի հարկերից կամ տույժերից

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենքների նախագծերի փաթեթով մի շարք հարկային արտոնություններ են առաջարկվում բիզնեսին: Մասնավորապես, «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է գործունեության կոնկրետ սահմանված տեսակներով ինքնազբաղված անձանց ազատել հարկումից:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով՝ ինքնազբաղված անձանց հարկերից ազատելու մոտեցումը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից. «Տարեկան մինչև 9 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և վարձու աշխատողներ չունեցող շուրջ 1570 ինքնազբաղված անձինք կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 միլիոն դրամ»: Խոսքը վերաբերում է գործունեության 23 տեսակի՝ հագուստի արտադրությանը, նորոգմանը, փայտյա իրերի պատրաստմանը, լեզուների ուսուցման դասընթացներին, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցմանը և այլն:

Փաթեթով առաջարկվում է կիրառել նաև հարկային համաներում՝ մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին ազատելով այդ գումարների վճարումից:

Փոփոխություններով նախատեսվում է սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին, նոտարներին և ինքնազբաղված անձանց ազատել տույժերից: Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ՝ այս պարագայում հարկային բեռից կազատվի մոտ 4300 անհատ ձեռնարկատեր, իսկ եկամտային ազդեցությունը կկազմի մինչև 800 միլիոն դրամ: Կուտակային վճարների վերաբերյալ փոփոխություններով նախատեսվում է սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին, նոտարներին և ինքնազբաղված անձանց ազատել տույժերից:

Հարկային համաներման շրջանակում առաջարկվում է մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ երկու և ավելի գույք օտարած և ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց ազատել տույժերից և տուգանքներից, ինչպես նաև ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնող հարկ վճարողներին ազատել ճշգրտման արդյունքում տույժերի վճարումից: Ըստ Վախթանգ Միրումյանի, ընդհանուր առմամբ այս փաթեթից օգտվողների թիվը կկազմի մոտ 15 հազար, իսկ եկամտային ազդեցությունը կարող է հասնել մինչև 6 միլիարդ դրամի:

Բազմաթիվ ֆիզիկական անձինք, ովքեր մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում իրականացրել են, օրինակ` մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի անգամ նույն տեսակի գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, հասարակական կամ գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի օտարումներ, սակայն անտեղյակ լինելու պատճառով չեն կատարել հարկային պարտավորությունները՝ կուտակելով տույժեր ու տուգանքներ, որոնց գումարը հաճախ ավելի մեծ է, քան մայր գումարը: ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի տեղեկացմամբ՝ քաղաքացիների կողմից ԱԱՀ-ի մասով հարկվող գործարքներով առաջացած հարկային պարտավորությունների գանձման հետ կապված կա մոտ 250 դատական վարույթ:

Մասնավորապես, ընդհանուր առմամբ մայր գումարի չափը կազմում է մոտ 3.8 մլրդ դրամ, իսկ հաշվարկված տույժը՝ 680 մլն դրամ, տուգանքը՝ 1.29 մլրդ դրամ: «4-5 ամսվա ընթացքում ԱԱՀ-ից բխող գործարքների մասով քաղաքացիների կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ՝ շուրջ 1 միլիարդ դրամի չափով: Օրենքի ընդունման պայմաններում այդ հաշվետվություններում արտացոլված շուրջ 550 միլիոն դրամի չափով տույժ-տուգանքները նույնպես կազատվեն վճարումից: Ընդ որում, շուրջ 200 միլիոն դրամի չափով արդեն իսկ կատարվել են մայր գումարի վճարումներ»,-ընդգծել է Արմեն Սաքապետոյանը:

Միաժամանակ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է 40 քրեական գործ՝ մոտ 1 միլիարդ 150 միլիոն դրամի չափով. մայր գումարը կազմում է շուրջ 500 միլիոն դրամ, տույժ-տուգանքները՝ մոտ 650 միլիոն դրամ: Ըստ Արմեն Սաքապետոյանի, պարտավորություններ ունեցող անձինք հարկի մայր գումարները վճարելու դեպքում ազատվում են տույժերից, տուգանքներից և քրեական պատասխանատվությունից:

Հաջորդ նախագծով առաջարկվում է փաստացի գործունեություն չիրականացնող, գույք և հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն ընձեռել: «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է փաստացի գործունեություն չիրականացրած և 2013թ. հունվարի 1-ից 2017թ. հունվարի 1-ը հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին լուծարելու (հաշվառումից հանելու) անհրաժեշտությամբ:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման վերջնաժամկետը 2017թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանել 2018թ. հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին առավել սահուն անցնել նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատանքին: Առաջարկվում է նաև ակցիզային դրոշմանիշերն էլեկտրոնային եղանակով տրամադրելու ընթացակարգը կիրառել 2017թ. հունվարի 1-ից:

Վերջին երկու ամսում բավականին ակտիվացել է նաև ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքը: 2016թ. 11 ամսում ստացվել է մոտ 250 հազար հեռախոսազանգ, միայն նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ՝ մոտ 3000-ով ավելի: Վախթանգ Միրումյանը վստահեցնում է, որ հետևողական են ցանկացած հեռախոսազանգի նկատմամբ՝ հետադարձ կապի մեխանիզմով արդյունքի մասին դիմումատուին տրամադրելով հանգամանալի տեղեկատվություն, հայտնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացրել է օպերատիվ-հետախուզական 1044 միջոցառում` 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի` 1582-ի համեմատ:

2016-ի 9 ամսում օպերատիվ-հետախուզական միջոցառումների թիվը նվազել է 538-ով կամ 34 տոկոսով: Արդյունքում` մեկ միջոցառումով արձանագրված միջին գումարը 2016-ին կազմել է 0,6 մլն դրամ, իսկ 2015-ին` 0,4 մլն դրամ: Այսինքն` միջոցառումների կրճատման արդյունքում` ապահովվել է 1,5 անգամ բարձր արդյունավետություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---