Հետագա զարգացման համար Հայաստանին անհրաժեշտ են բարձր տեխնոլոգիաներ

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Սան Ֆրանցիսկոյում ԱՐՄՏԵՔ 2007 առաջին կոնգրեսում, որը նվիրված էր Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներին, խնդիրներին եւ ներդրումային հնարավորություններին, ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը անդրադարձել է Հայաստանի առաջընթացին, կայունությանը եւ հեռանկարին: Կարեւորելով ժամանակակից տնտեսության զարգացման գործում բարձր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը` Վարդան Օսկանյանը հատկապես կարեւորել է սոցիալական ծառայությունների, այդ թվում կրթության եւ առողջապահության ոլորտներում դրանց հարաճուն կիրառման անհրաժեշտությունը: Արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Հայաստանում երկրորդ սերնդի բարեփոխումների հրամայականը եւ մեծապես դրանցով պայմանավորել երկրի հետագա զարգացման հեռանկարը` հատուկ ընդգծելով, որ թե հաջողությունների եւ թե բացթողումների համար պատասխանատվություն է կրում ամբողջ հասարակությունը: Նախարար Օսկանյանն անդրադարձել է տարածաշրջանային համագործակցությանը եւ ներկա խնդիրներին, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առանձին ասպեկտներին:



Կոնգրեսի հաջորդ գումարումը նախատեսվում է 2009թ.: Ի թիվս այլոց, միջոցառմանը մասնակցել են Սինոպսիս, Իմպեվա, Պի Դի էՖ Սոլուշընզ, Վիրաժ Լոջիկ (Synopsys, Impeva, PDF Solutions, Virage Logic) եւ ոլորտը ներկայացնող աշխարհի տարբեր երկրներից այլ ընկերությունների ղեկավարները եւ պատվիրակները, Մորգան Սթենլի (Morgan Stanley) դրամատան ներդրումային գծով գործադիր տնօրենը, Մակենզի (Mckinsey & Company) խորհրդատվական ընկերության եվրոպական ստորաբաժանման տնօրենը, Հայկական զարգացման գործակալության տնօրենը, ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահը, Հայաստանի գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ: ]



Պաշտոնական ատյաններից կոնգրեսին մասնակցել են ՀՀ նախագահի տնտեսական հարցերի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, Կալիֆորնիա նահանգի սենատոր Ջո Սիմիտյանը, Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը, նահանգապետ Արնոլդ Շվարցնեգերի ներկայացուցիչը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---