Նաիրիտցիները դիմել են կուսակցություններին՝ աջակցության խնդրանքով

Նաիրիտցիները դիմել են կուսակցություններին՝ աջակցության խնդրանքով

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների համակարգող խումբը բաց նամակով դիմել էՀայկական վերածնունդ, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական դաշնակցություն, Հայ Ազգային Կոնգրես, Ժառանգություն, Համախմբում, Լուսավոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր, Ազատ դեմոկրատներ, Հայաստանի դեմոկրատական, Ալյանս կուսակցություններին, «Միասնություն» համազգային շարժմանը:

«Տարիներ ի վեր Նաիրիտը եղել և մնում է նաիրիտցու հիմնական չլուծված խնդիրը։ Ինչու չէ՝ այն անհանգստացնում է կառավարության անդամներին ևս։

Այսօր մենք գտնվում ենք անորոշության մեջ․ մի կողմից սննանկացած Նաիրիտ, որի համար խոսք են տալիս «առողջացման ծրագիր», մյուս կողմից՝ սնանկության գործընթաց և ցուցակ՝ վաճառված և վաճառվող սարքավորումների։ Սա այն բացառիկ լրջագույն հարցերից է, որ պետք է միավորի բոլորին՝ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, անհատներ», - մասնավորապես ասված է դիմումի մեջ։

Նշվում է, որ ընդդիմադիր կամ իշխանական ուղղվածությունը չի խանգարում կուսակցություններին միավորվել գործարանի խնդրի շուրջ:

«Մենք՝ նաիրիտցիներս, ձեր հետ միասին, ձեր օգնությամբ մեր երկու տարվա պայքարի ընթացքում կարողացանք մեր ասելիքը տեղ հասցնել հանրության լայն խավերին։ Մենք օրինակ դարձանք անարդարության զոհ դարձած բազմաթիվ խմբերի համար, որոնք համախմբվելով, փորձեցին կառավարությունից ստանալ իրենց մտահոգող պատասխանները, պայքարի միջոցով լուծել իրենց հուզող հարցերը։

Իսկ մենք շատ բանի հասանք․ աշխատավարձի ստացում՝ չնայած կառավարության ընդդիմությանը, սնակության գործընթացի ձգձգում շուրջ մեկ ու կես տարի, գործարանի տարածքում մասնագետների մասնակի պահպանում, կուսակցությունների կողմից ԱԺ-ում Նաիրիտին արտոնություններ տալու վերաբերյալ օրենքի նախագծի ներկայացում, տնօրենի փոփոխության որոշման կասեցում՝ հաշվի առնելով վերջինիս մասնակցությունը թալանին, բանակցություններ Եվրոպական հոլդինգի ղեկավարի հետ՝ համաձայնություն ստանալով ներդրումային ծրագրով հանդես գալու և Նաիրիտը վերակենդանացնելու:

Մենք՝ նաիրիտցիներս, որ երկար տարիներ աշխատել ենք և արարել Նաիրիտում, երբևէ չենք մտածել, որ կարող ենք կանգնել նման խնդրի առջև։ Նաիրիտը եղել է 2000 և ավելի նաիրիտցու և նրանց ընտանիքների կերակրողը։ Այն սովորական աշխատավայր չէր մեզ համար․ Նաիրիտը մեր երկրորդ տունն էր, և այն կորցնելու վախը մեզ ավելի մոտեցրեց նրան, մոտեցրեց այնքան, որ մենք՝ նաիրիտցիներս, պատրաստ ենք ցանկացած անկանխատեսելի, խելահեղ քայլի՝ մեր երկրորդ տունը ետ բերելու պայմանով: Քաղաքական գործիչնե՛ր, ակնկալվում է ձեր աջակցությունը և գործուն օգնությունը՝ Նաիրիտը փրկելու հարցում։ Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է նախ՝ միավորվել այդ հարցի շուրջ», - մասնավորապես ասված է նամակում։

Դիմումի մեջ նաև «Նաիրիտի» հիմնախնդիրը լուծելու առաջարկներ են ներկայացված.

Քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար սնանկության գործընթացը, որի կարգավորման համար նույն առաջարկով նաիրիտցիների համակարգող խումբը բաց նամակով երկու անգամ դիմել է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին, բայց ապարդյուն։

Կիրառել քայլեր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից հայտարարված մրցույթը իրականացնելու համար։ Թույլ չտալ ՀՀ կառավարությանը օգտվել սնանկության գործընթացից՝ մրցույթը չեղյալ հայտարարելու։

Պահանջել կառավարությունից մրցույթի հաղթողի և պարտվողի ցուցանիշների բաց ներկայացում։

Թույլ չտալ գործարանի «առողջացման ծրագրի» անվան տակ առանձնացնել քլորի և թթուների արտադրությունները, իսկ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի գործունեության համար անհրաժեշտ հիմնական ակտիվները՝ ացետիլենի, քլորոպրենի և կաուչուկի արտադրությունները հանձնել սնանկության կառավարիչին՝ պարտատերերի պարտքը մարելու համար։

Արագացնել ԱԺ-ում Նաիրիտին արտոնություններ տալու վերաբերյալ օրենքի նախագծի բաց քննարկումը՝ ընդգրկելով նաև Նաիրիտի համակարգող խմբի անդամներին։

Նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել սնանկ ճանաչել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ն: «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ն դեռևս 2015-ին տարի դիմել էր դատարան՝ «Նաիրիտը» սնանկ ճանաչելու պահանջով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---