Թուրքիայի հայ համայնքը գոհ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգային փոքրամասնությունները գոհ են հունիսի 22-ին անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Ստամբուլի Հունական ուղղափառ եկեղեցու, հրեական եւ հայ համայնքների ներկայացուցիչները չեն վախենում, որ հաղթանակած Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) երկրի իսլամականացման գաղտնի քաղաքականություն կվարի:



Հայ Առաքելական Եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանի մամլո քարտուղար Լուիզ Բակարը ընդգծել է, որ համայնքը գոհ է ընտրություններից արդյունքներից:



Ստամբուլի հրեական համայնքի առաջնորդ Սիլվիո Օվադիոյի կարծիքով, հրեաները հավատում են, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանը համաձայնության ուղիներ է փնտրելու, քանի որ AKP-ն ներկայացնում է երկրի ընտրազանգվածի կեսի շահերը: «Մենք չենք վախենում երկրի մահմեդականացումից: Օսմանյան սուլթանները միշտ բարեացկամ են եղել հրեաների նկատմամբ... Մենք որեւէ խնդիր չունենք, որ հրեական կյանք ենք վարում Թուրքիայում: Ես չեմ անհանգստանում Թուրքիայի մոտ ապագայի հարցով: Թուրքիան Իրանը չէ: Այստեղ չկան մոլլաներ: Ճիշտ է, կան կրոնական համայնքներ, սակայն դա միեւնույն բանը չէ: Նրանք շատ ավելի ժամանակակից են, քան Իրանում, եւ նրանք դեմ են Իրանում ստեղծված իրավիճակին: Թուրքիայում շատ ուժեղ են աշխարհիկ ավանդույթները»,- ասել է Թուրքիայի հրեական համայնքի ղեկավարը:



Իր հերթին Apoyevmatini հունական թերթի գլխավոր խմբագիր Միխայիլ Վասիլիադիսը եւս հայտարարել է, որ համայնքը գոհ էր ընտրությունների արդյունքից: «Փոքրամասնությունները միշտ տարբերվում են բնիկներից: Սակայն այլ կուսակցությունների համար այդ հարցում «էթնիկ» տարր կա: AKP-ի համար փոքրամասնությունները այլ են, ոչ թե որպես այլ ազգության տարր, այլ որպես այլ կրոնի ներկայացուցիչներ»,- ասել է Վասիլիադիսը: «Հնգամյա փորձը ցույց է տվել մեզ, որ ամեն անգամ, երբ խորհրդարանում քննարկվում էր ազգային փոքրամասնությունների համար դրական օրինագիծ, Ազգային-հանրապետական կուսակցությունը (CHP) միշտ փորձել է արգելափակել այն: Միակ դժգոհությունը AKP-ի նկատմամբ այն է, որ կուսակցությունը խիստ դատապարտությամբ հանդես չեկավ ազգայնամոլների գործողությունների առնչությամբ»,- ընդգծել է նա, գրում է Today's Zaman թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---