Ինչպես ինքնասպանության պատճառով թղթակիցները հրաժարվեցին սև-սպիտակ ժապավենից

Ինչպես ինքնասպանության պատճառով թղթակիցները հրաժարվեցին սև-սպիտակ ժապավենից

PanARMENIAN.Net - 2017-ի հունվարի 21-ին լրացավ ֆոտոլրագրության կյանքը արմատապես փոխած և գունավոր ժապավենը պարտադիր դարձրած իրադարձության 30 տարին: PanARMENIAN.Net ը պատմում է, ինչպես ամերիկացի գանձապահի ինքնասպանությունը հիմք հանդիսացավ դրա համար:

Մինչև 1987թ. հունվարի 22-ը Associated Press-ի լուսանկարիչները կարող էին ինքնուրույն ընտրել ժապավենը: Սակայն հունվարի 22-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ յուրաքանչյուր միջոցառում կարող է բավականին կարևոր լինել և այդ օրվանից գունավոր լուսանկարահանումը պարտադիր դարձավ:

Դուայերի գործը

1980-ականների սկզբին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի իշխանությունները պարզել էին, որ նահանգի բնակիչներից սխալմամբ գանձվել է հավելյալ եկամտահարկ: Հաշվարկելու համար գումարը և փոխհատուցման կարգը, որոշեցին դիմել աուդիտորներին: Կապալառուի ընտրության համար պատասխանատու էր նահանգի գանձապահ Ռոբերտ Բադ Դուայերը:

$4.6 մլն պայմանագիրը ստացել էր կալիֆորնիական Computer Technology Associates (CTA) ընկերությաւնը, սակայն իրավապահ մարմինների մոտ կասկածներ առաջացան գործարքի օրինականության վերաբերյալ: Դուայերին մեղադրեցին կոռուպցիայի մեջ, դատախազությունը գործ հարուցեց նրա դեմ:

Հետաքննության ժամանակ ընկերության 2 աշխատակից հաստատեց, որ $300 000 կաշառք է տվել Դուայերին: Դատարանում Դուայերը հերքեց դատախազների առաջարկը` խոստովանելով մեղքն ու դատապարտվելով 5 տարվա ազատազրկման:

1986-ի դեկտեմբերի 18-ին նրան դատապարտեցին 55 տարվա ազատազրկման: Պաշտոնյան բողոքարկեց որոշումն ու հայտարարեց, որ պայքարելու է իրավունքների համար:

1987-ի հունվարի 22-ին, գործի վերաբերյալ վերջնական դատավճռից մեկ օր առաջ, Դուայերը մամուլի ասուլիս հրավիրեց: Շատերը հրաժարականի հայտարարություն էին ակնկալում, սակայն տասնյակ լրագրողների ներկայությամբ նա կարդաց իր անմեղության մասին հայտարարությունը:

«Յուրաքանչյուրն, ով ճանաչում է, գիտի, որ ես անմեղ եմ: Պատիժն օրինական չի լինելու, քանի որ ես ոչ մի բան չեմ խախտել: Ես քաղաքական հետապնդման զոհ եմ դարձել, իմ ազատազրկումն ամերիկյան ԳՈւԼԱԳ-ը կդառնա: Ես դիմել եմ ինձ հավատացողներին` խնդրելով շարունակել բարեկամությունն իմ ընտանիքի հետ, ջանադրաբար աշխատել ԱՄՆ-ում իրական արդարադատության հաստատման համար և չհրաժարվել ինձ արդարացնելու փորձերից, որպեսզի իմ սերունդների վրա չմնա ինձ հետ կատարված անարդարության բիծը»,-ասել է Դուայերը:

Ավարտելով` Դուայերը փակ ծրարներ է փոխանցել օգնականներին: Ինչպես պարզվել է ավելի ուշ, ծրարներում հրաժեշտի գրություն էր, հասցեագրված կնոջը, օրգանների դոնորի քարտ և նահանգապետին ուղղված նամակ: Հետո նա հանել է ատրճանակը, փողը դրել բերանն ու կրակել:

Դատին ներկա Associated Press-ի լուսանկարիչ Փոլ Վեթիսին հաջողվել է կադրեր լուսանկարել, որոնք հետագայում հրապարակվեցին հարյուրավոր պարբերականներում, ինչպես նաև արժանացան World Press Photo-ին:

«Ժամեր անց արդեն այդ լուսանկաներն առաջատար ԶԼՄ-ների խմբագրերի սեղաններին էին: Փոլի մոտ ցրիչ են ուղարկում, որպեսզի նա գործակալության գլխամաս հասցնի ժապավենը` բարձր թողունակությամբ սքանավորման համար: Ամսագրերը սպասում էին ավելի որակյալ պատկերների, քան շտապ ուղարկվածներն էին: Եվ այստեղ է, որ Associated Press-ի ֆոտոխմբագիրը Փոլի հետ հեռախոսազրույցում իմանում է, որ նա սև-սպիտակ լուսանկարներ է արել: Դա վերջին օրն էր, երբ մեր լուսանկարիչները կարող էին ընտրել ժապավենը»,-հիշում է AP նախկին լուսանկարիչ Հարի Գարդիները:

Դուայերի գործը շարքային միջոցառում էր թվում, սակայն ստիպեց Associated Press-ին փոխել կանոնները:

1980-ականներին գունավոր ժապավենը դեռ ընկալվում էր որպես թանկարժեք հաճույք:

«Կանոնները պարզ էին: Գունավոր ժապավենը նախատեսված էր առաջին էջերին հայտնվող իրադարձությունների համար: Մյուսների համար նախատեսված էր սև-սպիտկ ժապավեն»,-ասել է Գարդիները:

Ոչ ոք արտառոց ոչ մի բան չէր սպասում Դուայերի ասուլիսից: Թվում էր, թե այն մի 2 սյունյակի կարժանանա միայն: Բայց այն, ինչ սկսվում էր որպես առօրյա միջոցառում, ստիպեց Associated Press-ին փոխել կանոնները:

Քանի որ ինքնասպանության պահին Դուայերը դեռ գանձապետի պաշտոնում էր, նրա ընտանիքը ստացավ $1,3 մլն փոխհատուցում և ապահովագրական վճարներ: 2010-ին Ուիլյամ Թրիքեթ Սմիթը, Դուայերի գործով հիմնական վկաներից մեկը, խոստովանեց, որ զրպարտել էր պաշտոնյային սեփական դատավճիռը մեղմելու նպատակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---