«Լոս Անջելես թայմս». Սպիտակ տունը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Սպիատկ տան աշխատակազմը դեռեւս որոշում չի կայացրել Հայաստանում դեսպանի պաշտոնում նոր թեկնածության վերաբերյալ: Սպիտակ տան մամլո քարտուղար Էմիլի Լորիմորի խոսքերով, առաջիկայում Ռիչարդ Հոգլանդը նոր նշանակում կստանա: «Նախագահ Բուշը գտնում է, որ Հոգլանդը հիանալի կկատարեր իր աշխատանքը եւ երախտապարտ է նրան հայրենիքին ծառայելու ցանկության համար»,-նրա խոսքերն է մեջբերում «Լոս Անջելես թայմս» թերթը: Սակայն, ինչպես գրում է թերթը, ԱՄՆ նախագահի վարչակազմը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Լոս Անջելես թայմս»-ը գտնում է, որ դա կապված է ամերիկա-թուրքական հարաբերությունների կարեւորության եւ Թուրքիայի աջակցության հետ, որն անհրաժեշտ է Վաշինգտոնին Մերձավոր Արեւելքում: Հոդվածում ասվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում սպանվել է շուրջ 1,2 մլն հայ, ինչը ժամանակակից Թուրքիան հերքում է:



Ռ.Հոգլանդին ետ կանչելու պատճառն այն է, որ Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեզը համառորեն հրաժարվում է իր համաձայնությունը տալ Հոգլանդի թեկնածության հաստատմանը, քանի որ վերջինս Ցեղասպանություն չի ճանաչում 1915 թվականի իրադարձությունները: «Մեզ ուրախացնում է, որ ԱՄՆ-ի վարչակազմը վերջապես գիտակցեց, որ ես մտադիր չեմ զիջել այս հարցում: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար նոր թեկնածուն ճիշտ պատկերացում կունենա Հայոց ցեղասպանության մասին եւ կկարողանա իր տեսակետն արտահայտել այդ հարցի շուրջ Կոնգրեսում լսումների ժամանակ»,-ասել է սենատորը:



«Լոս Անջելես թայմս»-ը հիշեցնում է նաեւ, որ ըստ Pew Research Center-ի հարցման, թուրքերի միայն 9 տոկոսն է համակրանք տածում ԱՄՆ-ի հանդեպ:



Հիշեցնենք, որ օգոստոի 3-ին Սպիտակ տունը ետ կանչեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունն այն բանից հետո, երբ Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեզը երկու անգամ վետո դրեց նրա թեկնածության հաստատման վրա, քանի որ Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ Ռ.Հոգլանդը 1915 թվականի իրադարձությունները չէր ճանաչել Ցեղասպանություն: Երեւանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը ետ կանչվեց 2006 թվականի սեպտեմբերին 1915 թվականի իրադարձությունները հրապարակայնորեն ցեղասպանություն անվանելու պատճառով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---