Հայաստանում ԵՄ դեսպանին մտահոգել է հայ ուսուցչի ռասիստական գրառումը![]() 27 հունվարի 2017 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մտահոգություն է հայտնել Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարված մի գրառման վերաբերյալ, որի օգտատերը գրանցված է որպես ուսուցիչ: Սվիտալսկին այդ մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպմանը՝ քննարկելով Հայաստան-ԵՄ կրթական համագործակցության ծրագրերը: ԿԳ նախարարը նշել է, որ հայ աղջկա և սևամորթ տղամարդու ընտանեկան լուսանկարի առնչությամբ աղմուկ բարձրացրած գրառումը մտահոգել է նաև իրեն: Այդ կապակցությամբ նախարարն օրեր առաջ նամակով դիմել է Երևանի քաղաքապետին և առաջարկել ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ` տվյալ ուսուցչի մանկավարժական գործունեությունն ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կրթական քաղաքականությունը հիմնված է մարդասիրության, հանդուրժողականության, ներառականության և համամարդկային արժեքների վրա: «Այդ պատմությունը խորը մտահոգել է ինձ ոչ միայն այն պատճառով, որ գրառման հեղինակը ուսուցիչ է: Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, որտեղ սահմանադրորեն դատապարտվում են ռասիզմը, այլատյացությունը, խտրականությունը: Հայ ժողովրդին բնորոշ է հանդուրժողականությունը, ինչով էլ պայմանավորված է հայկական սփյուռքի բնականոն ընթացքն աշխարհի բազմաթիվ երկրներում: Մենք պարտավոր ենք հարգել ուրիշներին, որպեսզի կարողանանք նույն հարգանքն ակնկալել նաև նրանցից»,-նշել է նախարարը: Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 52 դպրոցի շախմատի ուսուցիչ Լևոն Ստեփանյանը հայազգի աղջկա և սևամորթ տղամարդու ընտանեկան լուսանկարի հրապարակումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սևամորթի ու սպիտակամորթի խառնուրդները ամենապայթունավտանգն են տարբեր հիվանդությունների համար: Դաժան բան եմ ասում, բայց իրականությունը այդ է, և գլխիս պոլիտկոռեկտություն չխաղաք։ Բնությունը և պատմությունը արդեն ապացուցել են, որ նեգրերը, որպես կանոն, ունակ են լավ անել երեք բան՝ երգել, պարել և զբաղվել սպորտով։ Դա ունի պարզ բացատրություն. նեգրերը ապրում են բնազդներով, իրենց մոտ զարգացած է մարմնի լեզուն, ինչը չես ասի իրենց մտավոր ընդունակությունների մասին։ Իրենք ունեն այն, ինչին արժանի են։ Մի փորձեք համոզել, որ նորմալ աչքով նայենք հայի և նեգրի խառնամուսնությունը»։ Կարդացեք նաև. «Հայու գեն». Գիտական փա՞ստ, թե՝ առասպել Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |