Ամերիկյան 2 ընկերություն $500 մլն ներդրում կանի Հայաստանում

Ամերիկյան 2 ընկերություն $500 մլն ներդրում կանի Հայաստանում

PanARMENIAN.Net - 2016թ. «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց Որոտանի հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, և այժմ այն ամենախոշոր եզակի ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում և առաջին ամերիկյան ներդրումը Հայաստանի էներգահամակարգում: Այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը փետրվարի 1-ին Հայ-ամերիկյան առևտրային պալատի (ՀԱԱՊ) կազմակերպած միջոցառմանն ունեցած իր ելույթում՝ նշելով, որ «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար և նաև առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ:

Դեսպանն ասել է, որ ՀՀ-ում իր գործունեության ընթացքում տնտեսությանն ուղղված գերակա ուղղության շրջանակում առանձնացրել է ուղղակի գործարար կապերի խորացումը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև և մատնանշել վերջին տարվա ընթացքում այստեղ գրանցված զգալի առաջընթացը:

«ԱՄՆ-ի հետ առնչվող մեկ այլ ընկերություն՝ «Լիդիան Ինթերնեյշնլը», 2016թ. սկսեց Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները: 2018թ. Ամուլսարը, թերևս, կլինի բաժնետիրական կապիտալում կատարված ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, իսկ 2016-18թթ. շինարարական աշխատանքներին կուղղվի շուրջ 370 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ աշխատանքների եռուն շրջանում մինչև 1.300 աշխատատեղեր կլինեն, իսկ ուղղակիորեն «Լիդիան Հայաստան» ընկերությունում հանքավայրի շահագործման 10 տարվա ընթացքում կաշխատի 700 հոգի»,- տեղեկացրել է դեսպանը:

Նա ուրախությամբ փաստել է նաև, որ առաջին անգամ Հայաստանում և հանքարդյունաբերության ոլորտում կատարվել է Բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատում Ամուլսարի վերաբերյալ, որը լիովին համապատասխանում է Համաշխարհային բանկի և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի սահմանած ստանդարտներին:

«Առաջիկա մի քանի տարիներին «Կոնտուր Գլոբալի» և «Լիդիանի» կողմից ներդրումները կկազմեն կես միլիարդ ԱՄՆ դոլար: Երկու ընկերությունն էլ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրինակելի մոդել են՝ տեղական համայնքների հետ իրենց աշխատանքի միջոցով, և դրա հետ մեկտեղ նրանք նաև խրախուսել են այս մշակույթի զարգացմանը հայկական ընկերությունների շրջանում»,- նշել է դեսպան Միլսը:

Դեսպանն իր ելույթում անդրադարձել է նաև կոռուպցիային և դրանից բխող մի շարք խնդիրների, այդ թվում՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---