Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները խզվել են

Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ բանակցությունները խզվել են

PanARMENIAN.Net - Կիպրոսի կարգավորման շուրջ բանակցությունները խզվել են: Կիպրոսցի թուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքինջին հեռացել է բանակցություններից որպես բողոքի նշան ընդդեմ Կիպրոսի խորհրդարանի որոշման դպրոցներում 1950թ. հանրաքվեի տարեդարձը նշելու վերաբերյալ: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը դրել է Թուրքիայի և թուրքական համայնքի վրա:

Անաստասիադիսի և Աքինջիի հերթական հանդիպումը անցնում էր փետրվարի 16-ին, որի ընդմիջմանը Աքինջին հեռացել է բանակցություններից և չի վերադարձել:

Անաստասիադիսը հայտարարել է, որ թուրքական պատվիրակությունը լքել է բանակցային սեղանն առանց որևէ պատճառի և հիմնավորման: «Չնայած ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էսպե Բարթի նրանց վերադարձնելու ջանքերին, կիպրոսցի թուրքերի առաջնորդն անդրդվելի էր»,-ասել է Կիպրոսի նախագահը, որի հայտարարությունը հեռարձակվել է ուղիղ եթերով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին դատապարտել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի դիրքորոշումը կիպրոսյան խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում` նրա վրա բարդելով պատասխանատվությունը դրանց ձախողման համար:

Կիպրոսի թուրքերի առաջնորդ Մուստաֆա Աքինջին ավելի վաղ հայտարարել էր, որ Անաստասիադիսը հեռացել է բանակցությունների սեղանից` հայտարարելով, որ «այլևս բան չունի ասելու»:

Ավելի վաղ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ ամեն տարի դպրոցներում Կիպրոսի միավորման մասին 1950թ. հանրաքվեի տարեդարձը տոնելու մասին Կիպրոսի խորհրդարանի որոշումը կղզու միավորման հարցում Նիկոսիայի քաղաքականության փոփոխության վկայություն չէ, այլ հիշողություն պատմական իրադարձությունների մասին, որը չի կարող խանգարել կիպրոսյան կարգավորմանը: Տարածքային հարցը, կամ տարածքային շտկումների հարցն ամենաբարդերից մեկն է Կիպրոսի միջհամայնքային բանակցություններում: Նախորդ փուլում կողմերը չեն կարողացել լուծել տարածքային խնդիրները, թեև հայտարարում էին «բանակցություններում առաջընթացի» մասին:

Կիպրոսը դե ֆակտո կիսվել է երկու մասի 1974-ին` Թուրքիայի ռազմական ներխուժումից, որը թուրքերը պատճառաբանեցին հույն զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այն տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---