Թբիլիսիի նոր ճեմարանը կկառուցվի հայկական գերեզմանոցի տեղո՞ւմ

PanARMENIAN.Net - Թբիլիսիի նոր ճեմարանը Սուրբ երրորդության եկեղեցու հարեւանությամբ կկառուցվի հայկական գերեզմանոցի տեղում: Ինչպես PanARMENIAN.Net ին է պատմել կանադահայ լեզվաբան Րաֆֆի Տիգրանյանը, սեպտեմբերի 6-ին եւ 7-ին Թբիլիսի կատարած իր այցի ժամանակ նա այցելել է Հավլաբար հայկական թաղամասը եւ ուղղակի ցնցվել` վերջերս կառուցված ուղղափառ Սուրբ եկեղեցու եւ «Հայոց մեծերի» պանթեոնի միջեւ գտնվող հայկական գերեմանոցի տեղում հայտնաբերելով փորված հսկայական մի փոս, նախատեսված հոգեւոր ճեմարանի կառուցման համար:



Նրա խոսքերով, 2005 թ. սեպտեմբերին իր նախորդ այցի ժամանակ Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչները հաղորդել էին իրեն , որ Վրաստանի կառավարությունը Կովկասի ամենամեծ` Սուրբ երրորդության եկեղեցին կառուցել է հայոց գրողների շիրիմների վրա, քանի որ հայկական պանթեոնի մեկ այլ հատված էին տեղափոխվել միայն տապանաքարերը, բայց ոչ աճյունները: «Դրան դժվար էր հավատալ, սակայն Թբիլիսի կատարած իմ վերջին այցի ժամանակ ես համոզվեցի, որ այդ հայտարարություններն իրական են»,-նշել է նա:



Հավլաբարի հայերը պատմել են Րաֆֆի Տիգրանյանին, որ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին նախատեսում է հողին հավասարեցնել Հավլաբարի բոլոր շինությունները եւ նոր, էլիտար թաղամաս կառուցել: Կառավարությունը զգուշացրել է տեղի հայերին, որոնց ընտանիքները դարեր շարունակ ապրել են Հավլաբարում, որ նրանց կվճարվի մոտ 906 դոլար քառակուսի մետրի համար եւ նրանք կտեղափոխվեն Թբիլիսիի ծայրամասեր:



Րաֆֆի Տիգրանյանը կոչ է արել բոլոր շահագրգիռ անձանց տեղեկացնել ՅՈՒՆԵՍԿՈ-ին հայկական գերեզմանոցի ոչնչացման մասին, ինչպես նաեւ դիմել Մ.Սահակաշվիլուն եւ պահանջել նրանից հարգանք դրսեւորել Թբիլիսիի հայերի հանդեպ, պատշաճ կերպով վերահուղարկավորելով աճյունները եւ թույլ տալով հայերին մնալ Հավլաբարում:



Թբիլիսիի հայկական գերեզմանոցի ավերումը հաստատող լուսանկարներ
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---