Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել աշխարհին պատրաստվել Իրանի դեմ պատերազմին

PanARMENIAN.Net - «Աշխարհը պետք է պատրաստվի պատերազմի, ինչի պատճառ կարող են դառնալ Իրանի միջուկային նկրտումները: Մենք որոշել ենք, քանի դեռ բանակցություններ են ընթանում, հեռանկարի համար պատժամիջոցների փաթեթ պատրաստել ՄԱԿ-ի պատժամիջոցների շրջանակներից զատ: Դա առաջարկել են գերմանացիները, մեր լավ բարեկամները»,-հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները ֆրանսիական հեռուստատեսությանը եւ ռադիոյին տված հարցազրույցում` հավելելով, որ պետք է պատրաստվել վատագույնին, իսկ «վատագույնը պատերազմն է»:



Ըստ Քուշների, բանակցություններն Իրանի հետ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ պետք է շարունակվեն մինչեւ վերջ, սակայն, եթե Թեհրանը միջուկային զենք ստեղծի, այն իրական սպառնալիք կլինի ողջ աշխարհի համար:



Բերնար Քուշները նշել է նաեւ, որ Ֆրանսիայի կառավարությունը դիմել է մի շարք խոշորագույն ընկերություններին, խնդրելով գործարար գործողություններ չսկսել Իրանի հետ



«Մենք չենք արգելում ֆրանսիական ընկերություններին իրենց հայտերը ներկայացնել: Սակայն մենք խորհուրդ ենք տալիս նրանց չանել դա»,-ասել է Քուշները: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը գտնում է, որ ընկերություններն ուշադրությամբ են վերաբերվել կառավարության խնդրանքին: «Մենք միակը չենք, ով դա անում է»,-ընդգծել է նա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Նշենք, որ Իրանը ժխտում է, թե մտադիր է միջուկային զենք ստեղծել, սակայն միեւնույն ժամանակ շարունակում է ուրանի հարստացման իր ծրագիրը: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն երկու անգամ սահմանափակ տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ, սակայն ռազմական գործողության թույլտվություն չի տվել: Միացյալ Նահանգները չեն բացառում Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հնարավորությունը` միջուկային զենքի ստեղծումը կանխելու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---