ՀՀ նախագահ. Արդեն հաստատված հրադադարը չի կարելի փոխել ավելի վատ պայմաններով հրադադարի հետ

ՀՀ նախագահ. Արդեն հաստատված հրադադարը չի կարելի փոխել ավելի վատ պայմաններով հրադադարի հետ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող բանակցություններում որևէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին չկա: Այդ պարագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության պահպանումը կայունության և փխրուն խաղաղության պահպանման միակ միջոցն է:Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ պաշտոնական Բաքուն մշտապես փորձում է հայերին մեղադրել ձևավորված ստատուս-քվոն երկարաձգելու փորձերի մեջ: «Սա իրականությանը չի համապատասխանում: Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք, իրոք, ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի, բայց իրականությունը այս է՝ ադրբեջանցիներն առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար անընդունելի են, ուստի այս պատճառով խնդիրը չի լուծվում: Երբ նրանք կհասկանան, թե ինչպիսի լուծում կարող է իրականություն դառնալ, այն ժամանակ էլ խնդիրը կկարգավորվի: Այս պատճառով էլ Ադրբեջանն անընդհատ դիմում է մանր ու մեծ սադրանքների, որպեսզի սրի իրավիճակն առաջնագծում և այդ ձևով իր մասին հիշեցնի մեզ և միջազգային հանրությանը:

Այդ քարոզչական հնարքները սին են և դատապարտված են ձախողման: Մեր դիրքորոշումը հետևյալն է. արդեն հաստատված հրադադարը չի կարելի փոխել ավելի վատ պայմաններով հաստատվող հրադադարի հետ: Մենք պետք է բանակցենք և ամուր հիմքեր դնենք երկու ժողովուրդների միջև բնականոն շփումներ և խաղաղություն հաստատելու համար»,-ասել է նախագահը: :

Նա հավելել է, որ հակամարտության կողմերը պետք է բանակցեն ամուր, վստահելի, ստուգման ենթակա մեխանիզմների վրա հիմնված խաղաղության շուրջ: Այդ ճանապարհին առաջին ճիշտ քայլը կարող էր լինել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի անցած տարվա հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների բարեխիղճ իրականացումը: Սակայն, Ադրբեջանի ղեկավարությունը չի խորշում նույնիսկ միջազգային ամենաբարձր մակարդակում հանձնառություններ ստանձնելուց և հաջորդ օրը դրանցից հրաժարվելուց:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում: «Մենք հստակ ենք գնահատում իրավիճակը և Ադրբեջանից չենք ակնկալում միակողմանի զիջումներ: Նույնը պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի այս պարզ, ավելի ճիշտ՝ շատ պարզունակ հանգամանքը: Ուստի, մենք ջանք ու եռանդ չենք խնայելու ուժերի հավասարակշռության պահպանման համար: Մենք Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու կարիքը չունենք»,-ասել է նա:

Նախագահը հավելել է, սակայն, որ «մենք վստահաբար շարունակելու ենք այնպիսի կարողությունների ձևավորումը, որոնք կապահովեն պաշտպանության արդյունավետ կազմակերպում, ինչպես նաև՝ հակառակորդի հնարավոր ագրեսիային շեշտակիորեն ազդելու կարողություն»:

Նա շեշտել է, որ ստեղծված պայմաններում ուժերի հավասարակշռությունը պարզապես անփոխարինելի է երկու ժողովուրդների կենսագործունեության համար: «Այդ հավասարակշռության հիման վրա հնարավոր է բանակցել հաշտության շուրջ: Ուժերի եղած հավասարակշռությունը խախտելու փորձերը ուղղակի հղի են նոր ռազմական գործողություններ սադրելու վտանգով»,-ասել է նախագահը:

Փետրվարի 20-ին Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվում։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքում բացվել է 280 ընտրական տեղամաս: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում նախագահական կառավարմանը՝ խորհրդարանական համակարգից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---