ՊՆ ղեկավար. Պայմանագրային ծառայության ձգտող կանայք պետք է այդպիսի հնարավորություն ունենան

ՊՆ ղեկավար. Պայմանագրային ծառայության ձգտող կանայք պետք է այդպիսի հնարավորություն ունենան

PanARMENIAN.Net - Եթե կանանց կողմից կա ՀՀ Զինված ուժերում պայմանագրային ծառայության անցնելու ձգտում ու ցանկություն, պետք է նրանց այդպիսի հնարավորություն տալ, ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Երևանի պետական բշկական համալսարանում ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ:

«Այս տարիներին զինված ուժերում կանանց թիվը հետևողականորեն աճել է, և մենք շարունակելու ենք դրան ուղղված մեր քաղաքականությունը», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

Ուսանողուհիներից մեկի հարցին, թե աղջիկներն ի՞նչ կերպ կարող են ընդգրկվել զինված ուժերում, քանի որ վերջիններիս կողմից ցանկություն կա լինել առաջնագծում, օգտակար լինել զինվորներին, պաշտպանության նախարարն արձագանքել է.«Մենք դրա ականատեսն ենք լինում ոչ միայն ապրիլյան օրերից, այլ սկսած Արցախյան հերոսամարտի օրերից, և այսօր էլ երբ սահմանամերձ գյուղերում վարժանքներ ու նախապատրաստական միջոցառումներ ենք իրականացնում, տեսնում ենք կանանց շատ մեծ շահագրգռվածություն՝ մաս լինելու և զենք կրելու հմտություններն ունենալու։ Ես վստահ եմ, որ առհասարակ կյանքի բոլոր ոլորտներում կանանց համար պետք է ստեղծվեն հավասար հնարավորություններ։ Չեմ կարծում, թե մոտեցել ենք այն շեմին, որտեղ պարտադիր ծառայությունը կարող է տարածվել և՛ տղամարդկանց, և՛ կանանց վրա, կարծում եմ, որ դա ժամանակի մեջ վերափոխման, իմաստավորման և քննարկման միայն առարկա կարող է դառնալ»։

Նախարարը հավելել է, որ այն կանայք, աղջիկները, որոնք ուզում են զինվորական ծառայության մեջ դրսևորվել, պետք է ունենան այդպիսի հնարավորություն։ «Մենք՝ որպես Զինված ուժեր և բանակ, պարտավոր ենք ընդլայնել այդ հնարավորությունները»,-ասել է նա։

2014 թվականի տվյալներով ՀՀ Զինված ուժերում կանանց մասնակցությունը հասնում է 15%-ի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---