2016-ի ՀՀ տնտեսական զեկույցը սիրիահայերի տնտեսական ինտեգրման խնդիրների մասին է

2016-ի ՀՀ տնտեսական զեկույցը սիրիահայերի տնտեսական ինտեգրման խնդիրների մասին է

PanARMENIAN.Net - «Հայաստանի տնտեսական զեկույց 2016»-ը նվիրված է Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինտեգրման խնդիրներին: Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնից հայտնում են, որ մարտի 10-ին տեղի է ունեցել զեկույցի շնորհանդեսը:

Շնորհանդեսի առաջին մասում ՏՀԶԿ փորձագետները ներկայացրել են ՀՀ տնտեսական զարգացման վերջին միտումները և միջնաժամկետ կանխատեսումները: Զեկույցի երկրորդ մասը նվիրված է եղել սիրիահայերի սոցիալ-ժողովրդագրական առանձնահատկությունների, Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինտեգրման ներկա մակարդակի և առկա կարիքների շուրջ քննարկումներին:

Ծրագրի հիմնական նպատակներն են երկրում «կանաչ» և ներառական զարգացման նախապայմանների բարելավումը, ինչպես նաև մասնավոր հատվածում ընտրված արժեշղթաների և մասնագիտական կրթության և ուսուցման առաջխաղացումը:

«Հայաստանի տնտեսական զեկույցը» տարեկան վերլուծական պարբերական է, որի մշակման և հրապարակման աշխատանքներն իրականացնում է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ)՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ: Զեկույցի մշակման աշխատանքներում հեղինակային խումբը համագործակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ:

Բացման խոսքում ՏԶՀԿ նահագահ Մուշեղ Թումասյանը նշել է, որ զեկույցի հիմնական նպատակն է վերլուծել և մեկնաբանել Հայաստանի տնտեսական զարգացումները և քաղաքականությունները, բարձրացնել իրազեկվածության և տեղեկացվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քննարկումների ընդլայնման և քաղաքականության որոշումների նախագծման համար:

«Յուրաքանաչյուր թողարկում անդրադառնում է անցած տարվա տնտեսական միտումներին, ինչպես նաև` առաջ քաշում թեմատիկ վերլուծություններ և տնտեսական քաղաքականության առանձին ուղղությունների քննարկումներ: Այս տարի, մասնավորապես, ՀՏԶ 2016-ը նվիրված է Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինտեգրման խնդիրներին»,- հավելել է նա:

«Տնտեսության մասնավոր հատվածի համար վերջին տարիներին դժվարին ժամանակներ են: 2016-ը համաշխարհային տնտեսության մեջ ընդհանուր առմամբ նկատված դանդաղեցման գործընթացներն անդրադարձել են նաև հայաստանյան տնտեսական զարգացումներին: Հասարակությունը սպասում է ավելի էական ձեռքբերումներ, ավելի բարձր ցուցանիշներ, քան արձանագրվում են: Մյուս կողմից` դժվար ժամանակներն ունեն նաև դրական նշանակություն այն տեսանկյունից, որ ի ցույց են դնում թույլ օղակները, և մեզ դարձնում ավելի մրցունակ և դժվարությունների նկատմամբ ավելի կայուն»,- իր ելույթում նշել է ՀՏԶ շնորհանդեսին ներկա գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն խոսել է ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների մասին՝ ուղղված կայուն և ներառական տնտեսական զարգացմանը երկրում:

«2017թ. ապրիլին ծրագիրը թևակոխում է նոր եռամյա փուլ, որի ընթացքում մեր ջանքերն ուղղված են լինելու Հայաստանում «կանաչ» և ներառական տնտեսության զարգացմանը՝ հիմնված մասնագիտական ուսուցման առաջխաղացման վրա, որն իր հերթին կազմում է մեր՝ «հմտություններ բիզնեսի և բիզնես՝ հմտությունների զարգացման համար» (Skills for Business and Business for Skills) ռազմավարության մասը:

Մենք կարծում ենք, որ զեկույցի երկրորդ մասում զետեղված սոցիալ-տնտեսական վերլուծությունը կբարձրացնի թիրախային խմբին վերաբերող փաստերի, մարտահրավերների և հնարավորությունների մասին իրազեկվածությունը: Այն նաև կօգնի բացահայտել, թե ինչ է կատարվել մինչ այժմ և ինչ կարելի է դեռ անել տարբեր շահագրգիռ կողմերի հետ համատեղ՝ ի նպաստ սիրիահայերի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի»,- նշել է ԳՄՀԸ «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Հանս Յոախիմ Ցինքանը՝ խոսելով սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրմանն ուղղված ջանքերի կարևորության մասին:

Հայաստանում ՄՀԶ ՀԿ-ին կից իրականացվում է ևս երկու ծրագիր՝ «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (ՍՓՏԻՀ) և Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում (ԵՄ համաֆինասավորմամբ):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---