Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում ԵԽԽՎ պատվիրակության այցելության համար Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Երեկ Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ժամանակավոր հանձնաժողովի նախագահ լորդ Ռասսել-Ջոնսթոնը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ-ում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանի եւ Սամեդ Սեիդովի հետ: Հանդիպման առանցքում ժամանակավոր հանձնաժողովի հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության հարցն էր, քանի որ հոկտեմբերի 8-12-ը Լեռնային Ղարաբաղ նախատեսվող ժամանակավոր հանձնաժողովի այցը տապալվել էր միայն Ադրբեջանի տարածքով ԼՂ այցելելու ադրբեջանական կողմի առաջ քաշած նախապայմանի պատճառով: ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հանդիպման ժամանակ ընդգծել է Լեռնային Ղարաբաղ այցի կարեւորությունը եւ ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի ենթահանձնաժողովի անդամների այցը չկայանա: «Այս անգամ Ադրբեջանն ընտրել է այցի ձեւաչափի փոփոխման ճանապարհը: Միջազգային կառույցների ներկայացուցիչների, այդ թվում ԵԽԽՎ-ի, այցերը Լեռնային Ղարաբաղ երկար տարիների ընթացքում իրագործվել են Հայաստանի տարածքով»,- հիշեցրել է Դավիթ Հարությունյանը:



Իր հերթին, լորդ Ռասսել Ջոնսթոնը իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի պատճառով եւ տեղեկացրել է ծրագրված այցից հարկադրաբար հրաժարվելու մասին: Իրավիճակի հետագա զարգացումն առայժմ հայտնի չէ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---