ՄԱԿ. Մոսուլից կարող է փախստականների մեծ հոսք լինել

ՄԱԿ. Մոսուլից կարող է փախստականների մեծ հոսք լինել

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ չի կարողանա դիմակայել Մոսուլի արևմտյան մասից փախչող մարդկանց մեծ հոսքին, որտեղ Իրաքի իշխանությունները գործողություն են անցկացնում ԻՊ դեմ: Այդ մասին հայտնել է Իրաքի գծով ՄԱԿ հումանիտար ծրագրերի համակարգող Լիզ Գրանդեն:

«Արևմտյան Մոսուլից փախչողների քանակն ավելին է, քան արևելյան մասից: Դեռ հայտնի չէ՝ ունենք արդյոք ռեսուրսներ այդ հոսքին դիմակայելու համար»,-ասել է Գրանդեն:

Ըստ նրա, գործողության սկզբին Մոսուլի արևմտյան մասում մոտ 800.000 մարդ կար: Մինչ օրս, ըստ ՄԱԿ-ի, մոտ 120.000 խաղաղ բնակիչ է լքել քաղաքը: «Մենք կարծում ենք, որ քաղաքում դեռ 650-680.000 խաղաղ բնակիչ կա: Հնարավոր է, մինչև 400.000 մարդ լինի Հին քաղաքում: Մենք վախենում ենք, որ մարդիկ շրջափակված են և ծանր վիճակում են գտնվում»,-ասել է Գրանդեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, եթե քաղաքն ամեն օր մոտ 50.000 բնակիչ լքի, հումանիտար միջոցները չեն բավականացնի նրանց ընդունելու համար: Ուստի, ՄԱԿ-ն ու գործընկերները սկսել են մեծ պահեստային տարածքներ պատրաստել այդ նպատակով:

Իրաքի բանակը Մոսուլի մոտ 40%-ն ազատագրել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է հրամանատարության ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Թալիբ Շահաթին:

Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---