Դենիել Ֆրիդ. Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը չի համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին տարածաշրջանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության մասին Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւին, քանի որ այն կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ ԱՄՆ շահերին` ներառյալ Իրաքում տեղակայված զորքերի մատակարարումը, որն իրականացվում է Թուրքիայի տարածքով: Այդ մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, «այդ բանաձեւը չի նպաստի նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցմանը»: «Ոչ միայն այսօրվա վարչակազմն է դեմ բանաձեւին, այլ նաեւ ԱՄՆ բոլոր նախկին պետքարտուղարները, որոնք նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիին: Մադլեն Օլբրայթը, Ուորեն Քրիսթոֆերը, Քոլին Փաուելը, Հենրի Քիսինջերը, Ջեյմս Բեյքերը, Ալեքսանդր Հեյգը, Ջորջ Շուլցը եւ Լորենս Իգլբերգերը իրենց կասկածն են հայտնել այդ բանաձեւի առնչությամբ: Ես մեջբերում եմ. «Բանաձեւը չի համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին տարածաշրջանում, ներառյալ մեր զորքերի անվտագությունն Իրաքում եւ Աֆղանստանում»:



«Ոչ վարչակազմի ներկայացուցիչները, ոչ նախկին պետքարտուղարները չեն ժխտում արդարացում չունեցող սարսափելի ողբերգությունը` անմեղ հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրության վերջին տարիներին` 1915 թվականին եւ ավելի ուշ: ԱՄՆ-ն ընդունում է դա: Նախագահ Բուշը, ինչպես եւ նրա նախորդ Բիլլ Քլինթոնը, ձեւական տեսակետից ճանաչում է ողբերգությունը հայերին ուղղված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում: Վարչակազմը ոչինչ չի ժխտում, մենք ոչինչ չենք ժխտում: Սակայն մենք չենք կարծում, որ այդ բանաձեւը կարող է նպաստել պատմական ճշմարտության հաստատմանը, Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցմանը եւ ԱՄՆ շահերի առաջխաղացմանը: Ուստի մենք դեմ ենք նրա ընդունմանը»,-ընդգծել է Ֆրիդը:



Նա նաեւ նշել է, որ չի ցանկանում քննարկել Թուրքիայի հնարավոր արձագանքն 106-րդ բանաձեւի ընդունման դեպքում: «Սակայն ես հստակ գիտեմ, որ արձագանքը շատ կոշտ է լինելու: Այն ավելի կոշտ կլինի, քան նախկինում, երբ անցյալում նման բանաձեւեր են քննարկվել: Մենք պետք է հիշենք մեր զորքերի եւ Իրաքի տնտեսության մասին, որը կախված է Թուրքիայից իրականացվող առաքումներից»,-ասել է ամերիկացի դիվանագետը:



Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քվեարկությունը: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին աջակցում են ԱՄՆ 227 կոնգրեսականներ եւ 32 սենատորներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---