Վառելիքի յուրացում ՊՆ զորամասից. Մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ հրամանատարի

Վառելիքի յուրացում ՊՆ զորամասից. Մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ հրամանատարի

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Շիրակում տեղակայված N զարամասից վառելիքի հափշտակությունը։ Մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում նաև՝ զորամասի հրամանատարին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016թ. մայիս- օգոստոս ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասից կատարվել է խոշոր չափերի հասնող վառելիքի յուրացում, վատնում:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է զորամասին հատկացված վառելիքի հափշտակության եղանակը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ հափշտակված վառելիքը մատչելի գներով իրացվել է Գյումրիում գործող բենզալցակայանում, բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, որոնց թվում՝ զորամասի հրամանատարին, պահեստապետին, անհատ ձեռներեցին և այլոց։

Մասնավորապես՝ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մ.Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, զորամասի պահեստարանի պետ Ա.Յայլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, զորամասի ուսումնական մասի դասախոս Լ.Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, անհատ ձեռներեց Մ.Գալստյանին, վարորդին և իրացնողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ինչպես հայտնի է, մարտի 1-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում մարտի 1-ին բանակում վառելիքի հետ կապված հայտարարություն է արել: Վարչապետի խոսքով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, և շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել էր վարչապետը:

Կարդացեք նաև՝ ՊԵԿ-ը դիզելի անվան տակ վառարանային վառելիքի վաճառքի դեպք է հայտնաբերել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---