Ահազանգ. ՌԴ-ում արգելված «Եհովայի վկաները» տեղափոխվել են ՀՀ և շրջում են Երևանի փողոցներով

Ահազանգ. ՌԴ-ում արգելված «Եհովայի վկաները» տեղափոխվել են ՀՀ և շրջում են Երևանի փողոցներով

PanARMENIAN.Net - ՌԴ-ում «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ որոշման ընդունումից ընդամենը մի քանի օր անց Երևանի կենտրոնական փողոցներում կազմակերպության ռուս գործակալները շրջում են հայ աղանդավորների հետ: Նրանք փորձում են ՌԴ-ում արգելված ստենդերը տեղադրելու համար կենտրոնական լավ վայրեր հայթայթել՝ Մաշտոցի պողոտա, Օպերայի տարածք, այգիներ, Աբովյան փողոց, Ծիծեռնակաբերդ: Այս մասին ահազանգում է «Դիալոգ» ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանը:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում նա նշեց, որ իր համար պարզ էր՝ ՌԴ-ում արգելված կազմակերպության ներկայացուցիչները և գրականությունն ուղիղ կերպով հայտնվելու էին Հայաստանում:

«Սակայն ինչու՞ մենք գործողություններ չենք ձեռնարկում: Ինչու՞ պետք է ամեն տեղ արգելված աղանդին մենք «էստի համեցեք» ասենք: Հետաքրքիր է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը որևէ գործողություններ չի կիրառում այդ աղբի ներթափանցումը մեր երկիր կասեցնելու կամ վերահսկելու ուղղությամբ»,- նշեց Մուրադյանը:

Նրա խոսքով, աբսուրդն այն է, որ պատերազմական երկիր չհանդիսացող Ռուսաստանում էքստրեմիստական համարվող կառույցը և դրա կողմից հրատարակվող գրականությունը չգիտես ինչու մեր՝ պատերազմող երկրում, անարգել տարածվում է և բարգավաճում, և համարվում է կրոնական բնույթի գրականություն:

«ՌԴ-ից ուղղորդվելով՝ էլ ավելի ագրեսիվ քարոզներ են սկսել իրականացվել՝ շատացնելով ստենդները, վիրավորելով մարդկանց և այլադավաններին: Շատ վաճառված իրավապաշտպաններ փորձում են ներկայացնել, թե Եհովայի վկաները ճնշված են Հայաստանում և պաշտպանության կարիք ունեն: Երբևէ նրանց հետ շփված մարդիկ կապացուցեն, որ նրանք ոչ միայն ագրեսիվ են և անհանդուրժող բոլոր մյուս կրոնական կազմակերպությունների հանդեպ, այլ նաև անօրինական ձայնագրում են, վախեցնում են և պետական կառավարման մարմինները օգտագործում են իրենց «ճշմարտությունը» ապացուցելու համար.«ոստիկաններին կկանչենք, ձեզ կձերբակալեն»: Ես իհարկե ուրախ կլինեի, որ կանչեին, բայց դա միայն զզվելի սպառնալիք էր: Եվ դա այն երկրի պետական մարմինները, որի պետականությունն ու ազգությունը չեն ընդունում, որը պատրաստ են դավաճանել ամեն վայրկյան, որի համար չեն ուզում պայքարել և զենք կրել, և որի արժեքները տրորում են ամեն օր իրենց գաղափարների տարածումով»,- ասաց Մուրադյանն ու հավելեց՝ «ՌԴ Եհովայի վկաները ընտանիքներով են եկել, պատկերացրեք քանակը»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը կասեցրել է «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կրոնական կազմակերպությունը վերջինիս կողմից ծայրահեղական գործունեության պատճառով:

Այսպիսով այժմ «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կազմակերպությունը գտնվում է հանրային և կրոնական միավորումների ցուցակում, որոնց գործունեությունը կասեցվել է «ծայրահեղական գործողությունների պատճառով»

Photo: Ալմաստ Մուրադյանի ֆեյսբուքյան էջից
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---