ՀՀ ԶՈւ զինհոսպիտալի անձնակազմը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժությանը

ՀՀ ԶՈւ զինհոսպիտալի անձնակազմը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժությանը

PanARMENIAN.Net - Վրաստանում սկսվել է ՆԱՏՕ-ի միջազգային Noble Partner-2017 զորավարժության նախապատրաստումը: Այս տարի զորավարժությանը մասնակցելու են 11 պետության ԶՈւ զինծառայողներ, այդ թվում նաև Թուրքիայից, Ադրբեջանից ու Հայաստանից:

Վրաստանում արդեն երրորդ անգամ անցկացվող այս զորավարժությանը Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: Դրա հիմնական նպատակը ՆԱՏՕ-ի զորքերի հետ Վրաստանի ԶՈւ անձնակազմի համատեղելիության ապահովումն է:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մասնակցելու են միայն զորավարժության մարտական ապահովման տեսանկյունից: Հայաստանի կողմից լինելու է ռազմական հոսպիտալային օղակ, որն իր բժշկական անձնակազմով մասնակցելու է զորավարժությանը»,- մանրամասնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հաղորդում է Razm.info-ն:

Զորավարժության մտահղացման, գործողությունների և մասնակից զինծառայողների քանակի մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակվել: Հայտնի է, որ այս տարի զորավարժությունն անցկացվելու է Թբիլիսիի մոտ գտնվող «Վազիանի» զորավարժարանում, ինչի մասին հայտարարել է Վրաստանի բանակի արևելյան հրամանատարության ղեկավար, գնդապետ Շավլեգո Թաբաթաձեն.

Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից բացի, զորավարժությանը մասնակցելու են նաև Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի և Սլովենիայի զինված ուժերի զինծառայողներ:

2016-ին ևս այս զորավարժությանը ներգրավված են եղել ամերիկյան և բրիտանական զինված ուժերի ստորաբաժանումներ: Ընդ որում՝ նրանք իրենց հետ առաջին անգամ Վրաստան էին բերել նաև իրենց սպառազինությունը և ռազմական տեխնիկան, այդ թվում նաև «Աբրամս» տանկեր և հաուբիցներ:Այս պայմաններում զորավարժության անցկացմանն արձագանքել էր նաև Ռուսաստանը: Երկրի արտգործնախարարության հայտարարության մեջ այս զորավարժությունը դիտարկվում էր որպես տարածաշրջանն ապակայունացնող գործոն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---