ՔԿ-ն ընտրախախտումների վերաբերյալ 197 հաղորդում է ստացել

ՔԿ-ն ընտրախախտումների վերաբերյալ   197 հաղորդում է  ստացել

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 197 հաղորդում, որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ստացված հաղորդումներից 68-ը` Երևանից, 16-ը՝ Գեղարքունիքի, 22-ը՝ Կոտայքի, 12-ը՝ Լոռու, 4-ը՝ Վայոց Ձորի͵ 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 12-ը՝ Շիրակի, 34-ը՝ Արմավիրի, 2-ական՝ Սյունիքի և Արարատի մարզերից:

Հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ իրականացված անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում 6 դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ նյութ ուղարկվել դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։

Մնացած 190 հաղորդման կապակցությամբ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում նյութերի նախապատրաստումը շարունակվում է։ Բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---