ANCA. ԱՄՆ-ի կոնգրեսականները տեղի տվեցին թուրքական սպառնալիքներին

PanARMENIAN.Net - Մարդկային արժեքները զոհաբերելով ամերիկյան շահերն առաջ տանելու փորձերը կարող են հանգեցնել արտաքին քաղաքականության տապալման: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանելով Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւի քվեարկությունը հետաձգելու մասին որոշումը: «Թույլ տալով Թուրքիային ժխտել Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ-ն խարխլում է Մերձավոր Արեւելքում եւ ողջ աշխարհում իրավիճակի վրա դրականորեն ազդելու իր ունակությունը»,- հայտարարել է Արամ Համբարյանը:



Ներկայացուցիչների պալատին ուղղված նամակում Արամ Համբարյանը նշում է, որ այն օրից, երբ Պալատի Արտաքին գործերի կոմիտեն հավանություն տվեց 106-րդ բանաձեւին, «շատ կոնգրեսականներ տեղի տվեցին թուրքական սպառնալիքներին, ինչն առաջացրեց ուժգին հիասթափության եւ նույնիսկ ցասման զգացողություն կապված նրա հետ, որ մեր դաշնակիցը կարող է այդպես անամոթաբար սպառնալ Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերի անվտանգությանը»: «Մենք համոզված ենք, որ երբ սպառնալիքների արդյունքում առաջացած իրարանցումն անցնի, երկկուսակցական մեծամասնությունը դեմ դուրս կգա ահաբեկման թուրքական քաղաքականությանը եւ կքվեարկի մարդու իրավունքները պաշտպանող օրինագծի օգտին»,-ընդգծել է Արամ Համբարյանը:



Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակներ, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը եւ Աննա Էշոն նամակ են հղել Պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, առաջակելով հետաձգել բանաձեւի քվեարկությունն` այն մտավախությամբ, որ այն հավանության չի արժանանա: «Մենք կարծում ենք, որ մեր գործընկերների մեծամասնությունը ցանկանում է աջակցել բանաձեւին եւ, անկասկած, կանի դա, սակայն ավելի պատեհ պահի: Մենք կշարունակենք աշխատել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, սակայն վերջնական քվեարկության համար ժամանակ կարելի է հատկացնել քիչ ավելի ուշ կամ 2008 թվականին»,-ասվում է նամակում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---