«Աֆիշա Daily»-ն՝ Երևանում մայիսյան տոներին անելիքների մասին. Լահմաջո, ջազ, բաստուրմա և գինի

«Աֆիշա Daily»-ն՝ Երևանում մայիսյան տոներին անելիքների մասին. Լահմաջո, ջազ, բաստուրմա և գինի

PanARMENIAN.Net - Ռուսական «Աֆիշա Daily»-ն պատմել է, թե ինչպես կարելի է մայիսյան տոներն անցկացնել Երևանում:

Պարբերականը սկսում է նրանից, որ Հայաստան մեկնելու համար վիզա հարկավոր չէ, իսկ ուղիղ չվերթը դեպի Երևան մոտ 2 ժամ է տևում: Որպես Հայաստան այցելելու առանձին պատճառ նշվում է կոնյակը, «որի մասին բոլորը գիտեն»: Սակայն նրանց համար, ում այդ 3 պատճառը բավարար չէ, «Աֆիշա Daily»-ին այլ պատճառներ է բերում:

Էջմիածին

Ինչպես նշում է լրագրող, Daily Mummy հավելվածի հեղինակ Անյա Այվազյանը, Էջմիածինը շատ լավ գաղափար է մեկօրյա ուղևորության համար: «Էջմիածին կարելի է հասնել մեքենայով, ավելի լավ է տաքսի վերցնել՝ դա մոտ 20 րոպե կտևի: Տեղանքի զննությունը հարկավոր է սկսել Մայր տաճարից: Առաջին եկեղեցին այդ վայրում կառուցվել է 303-ին, հետո, այն տարբեր ժամանակներում վերակառուցվել է, սակայն, այն զգացողությունը, որ այստեղ է սկսվել հայ քրիստոնեության պատմությունը, պահպանվել է մինչ օրս: Հայերն այդ շրջանը կատակով Վատիկան են անվանում՝ այստեղ է գտնվում նաև կաթողիկոսի նստավայրը, ճեմարանը, մշակութային կենտրոնը, նաև հուշանվերների խանութ կա:

Հետո անպայման պետք է այցելել նաև Էջմիածնի մյուս հայտնի եկեղեցիները՝ Հռիփսիմեի, Գայանեի, Շողակաթի, նաև Սբ Մարիամի եկեղեցին: Ի տարբերություն Մայր տաճարի, որտեղ միշտ մարդաշատ է, Սբ Գայանեի բակում, օրինակ, կարելի է նստել, վայելել լռությունն ու անդորրը», -նշել է Այվազյանը:

Երևանի գլխավոր հուշահամալիրը

Ուսանողուհի Յանա Սուլեյմանյանը խորհուրդ է տալիս անպայման այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Հուշահամալիրը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն գտնվում է Ծիծեռնակաբերդի բարձունքում և շատ խորհրդանշական է: Համեմատաբար վերջերս է կառուցվել Հայոց ցեղասպանության թանգարան –ինստիտուտը, որը ստորգետնյա է»,-պատմել է ուսանողուհին:

Պարտադիր այցելության վայրերի ցուցակում երրորդն աշխարհի ամենաերկար ճոպանուղին է Տաթևում: Ըստ Դիանա Բադեյանի, մեկ օրն ամբողջությամբ կարելի է նվիրել ուղևորությանը դեպի Տաթև:

«Տաթևում է գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որի երկարությունը 5752 մ է, և Տաթևի վանքը, որի 1111 տարին է նշվելու 2017-ին: Երևանից դեպի Տաթև ճանապարհը կտևի մոտ 4 ժամ մեքենայով գեղեցիկ լեռնային ճանապարհով, կամ 40 րոպե ուղղաթիռով: Ավելի լավ է ճոպանուղու տոմսերը նախապես պատվիրել:

Ճոպանուղին բացվել է 2010-ին, այն տանում է կիրճի վրայով դեպի Տաթևի վանքը, որը եղել է կարևոր հոգևոր և կրթական կենտրոն», -պատմել է Դիանան:

Պարբերականը նաև խորհուրդ է տալիս լինել Կասկադում՝ ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ պահվում է հայազգի մեծ բարերար Ջերարդ Գաֆեսճյանի հավաքածուն:

Որպես այցելության առաջնահերթ վայրեր են նշվել նաև Մատենադարանը, Վերնիսաժը, «Դալան» պատկերասրահը, Միրզոյան գրադարանը, «Թումոն»:

Պարբերականն առանձին անդրադարձ է կատարում հայկական ռեստորաններին, սրճարաններին ու բարերին՝ նշելով «Պուշկին» ռեստորանը հայկական խոհանոցով, Basturma սրճարանը, որտեղ կարելի է բաստուրմայով և լոլիկով ձվածեղ ճաշակել, երևանցիների սիրված Պոնիչկանոցը, լահմաջոյով և թանով հայտնի «Մեր թաղը», Bureaucrat Bookstore գրախանութը:

Բարերի և ակումբների բաժնում խորհուրդ է տրվում այցելել Pechenu Bagher, որը նշված է որպես քաղաքի ամենաեվրոպական բարը, Rambalkoshe-ի փակ երեկույթները, որտեղ այնուամենայնիվ ուրախ են բոլորին, Malkhas Jazz Club ջազ ակումբը, InVino-ն, Ethnic Lounge Bar բուդդայական բարը, որտեղ կարելի է նաև շախմատ խաղալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---