Դատախազությունը պարզել է ադրբեջանական խնձորի ներկրման մանրամասները

Դատախազությունը պարզել է ադրբեջանական խնձորի ներկրման մանրամասները

PanARMENIAN.Net - 2016-ի դեկտեմբերից 2017 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող համապատասխան պաշտոնատար անձինք առանց մաքսազերծման ՀՀ պետական սահմանով մրգերի և բանջարեղենի, այդ թվում՝ ադրբեջանական խնձորի տեղափոխումը թույլատրելու համար պարբերաբար ստացել են կաշառք: Այս մասին հաղորդում է ՀՀ դատախազությունը:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի տարածքից ՀՀ պետական սահմանով գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ ադրբեջանական խնձոր ապօրինի տեղափոխելու վերաբերյալ:

Միաժամանակ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում պարզվել է, որ վերը նշված ապրանքները ՀՀ պետական սահմանով տեղափոխվել են առանց մաքսային հսկողության՝ կաշառքի դիմաց մաքսային ծառայողների թողտվությամբ»,- ասվում է Դատախազության հաղորդագրության տեքստում:

ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի ներմուծման հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա՝ խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Բացի այդ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նյութերի նախապատրաստմամբ ևս պարզվել է, որ մի խումբ քաղաքացիներ ձեռք են բերել և ՀՀ շուկայում իրացրել ադրբեջանական ծագման խնձոր:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նկատի ունենալով, որ նշված քրեական գործերը առնչվում են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործություններին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով, քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Ապրիլի 23-ին երևանյան խանութներից մեկում «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերի մեջ խնձորների լուսանկարը, այնուհետև՝ տեսանյութը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում:

Ավելի ուշ, Երևանի «Նոր Զովք» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում և մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում ադրբեջանական ծագման խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել:

Պետեկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ դեռևս տեղեկություն չունի ՀՀ-ում հայտնված ադրբեջանական խնձորի մաքսանենգ ճանապարհով երկրում հայտնվելու վերաբերյալ: Ընթանում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---