Կինոքննադատներ. Զվյագինցևի «Չսերը» հավակնում է Կաննի գլխավոր մրցանակին

Կինոքննադատներ. Զվյագինցևի «Չսերը» հավակնում է Կաննի գլխավոր մրցանակին

PanARMENIAN.Net - Կաննի հոբելյանական 70-րդ կինոփառատոնը նոր է սկսվել, սակայն, արդեն առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ, ըստ դիտորդներից շատերի, ֆավորիտը ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Չսեր» ֆիլմն է: Առնվազն այդպես է կարծում Լոնդոնի Evening Standard-ի կինոքննադատ Դևիդ Սեքսթոնը:

«Չսերը» շատ մեծ նշաձող է սահմանել փառատոնի համար», -գրել է նա՝ 5 աստղի արժանի համարելով ֆիլմն իր գրախոսականում:

Սակայն, կինոփառատոնը դեռ նոր է սկսվել, և «Արմավենու ոսկե ճյուղի» համար պայքարին «Չսերի» հետ միասին մասնակցում են նաև այլ հետաքրքիր կինոնկարներ, գրում է BBC-ին:

«Արտիստի» համար Օսկարի արժանացած Միշել Խազանավիչուսը կներկայացնի «Ահեղը» ֆիլմը: Եվրոպական արթ-հաուսի առաջատար Միխաել Հանեկեն Կանն է բերել «Հեփփի ենդ» ֆիլմը: Մասնակցում է ևս մեկր օսկարակիր ամերիկացի՝ Թոդ Հեյնսը, որը կներկայացնի իր նոր «Հրաշքներով լի աշխարհը»:

Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան մայիսի 28-ին: Դեռևս հնարավոր չէ ասել, թե ինչ հաջողություն կունենա ռուս ռեժիսորի ֆիլմը փլուզման եզրին հայտնված հասարակ ռուս ընտանիքի նաև հոգևոր, բարոյական անկման մասին:

Guardian-ը գրում է. Զվյագինցևի «Չսեր» ֆիլմը հոգևոր աղետի կոշտ, խորհրդավոր և վախ առաջացնող պատմություն է: Այն ունի հիպնոտիկ լարվածություն և երկիմաստ է: Զվյագինցևի ֆիլմի բարձրագույն մակարդակն ու կիրքը շատ գրավիչ են»:

Evening Standard-ը գրում է. «3 տարի առաջ Անդրեյ Զվյագինցևը ցնցեց Կաննը իր «Լեվիաֆանով»՝ Ռուսաստանում ամենուր ներթափանցած կոռուպցիայի և գավառական կյանքի հուսալքության մասին: «Չսերը» թեև ուղղակի կապ չունի քաղաքականության հետ, էլ ավելի մռայլ մեղադրանք է հոգևոր այդ անապատի հասցեին»:

Ֆիլմի սյուժեն այն մասին է, որ ընտանիքում, որտեղ ապահարզանից առաջ ծնողներն ակնհայտորեն չեն սիրում ոչ միայն միմյանց, այլ նաև իրենց 12-ամյա որդուն, տղան փախչում է տնից: Նրա որոնումներն էլ կազմում են ֆիլմի բովանդակությունը: Քննադատներն արդեն համեմատում են այն համաշխարհային կինոյի գլուխգործոցների հետ, ինչպիսիք են Անտոնիոնիի «Արկածը», Բերգմանի «Տեսարաններ ամուսնական կյանքից» և Հանեկեի «Քողարկվածը»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---