Լվովում հայկական թեմի 650-ամյակի առթիվ Մատենադարանում հատուկ ցուցադրություն կբացվի

Լվովում հայկական թեմի 650-ամյակի առթիվ Մատենադարանում հատուկ ցուցադրություն կբացվի

PanARMENIAN.Net - Լվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակի առթիվ մայիսի 31-ին Մատենադարանում տեղի կունենա «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» խորագրով ցուցադրության բացումը։

Մատենադարանի պաշտոնական կայքի հաղորդմամբ, ցուցադրությանը ներկայացվելու են չորս տասնյակ ձեռագրեր, արխիվային վավերագրեր, Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայաշատ կենտրոնների ժամանակակից քարտեզ, ինչպես նաև վերջին ժամանակների հայագիտական հրատարակություններ Լեհաստանից:

Ներկայացվելիք ցուցանմուշների զգալի մասը ցուցադրվելու է առաջին անգամ: Հատուկ այս առթիվ ցուցադրվելու է 1367 թ.-ի թագավորական հրովարտակի արտատպությունը, որի բնօրինակը պահվում է Լեհաստանի Հին փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվում: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է Լեհաստանից հրավիրված պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի ելույթը, որը կներկայացնի փաստաթղթի պատմական նշանակությունը: Լեհաստանի հայ համայնքի պատմության ուսումնասիրման բնագավառում, ինչպես նաև Մատենադարանի հետ ունեցած արդյունավետ գիտական համագործակցության, Լեհաստանում առաջին հայագիտական հանդեսի՝ «Լեհահայեր»-ի ստեղծման գործում ունեցած իր ավանդի համար պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկային կշնորհվի Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ:

1367 թ.-ին Լեհ-լիտվական միացյալ պետության թագավոր Կազիմիր Մեծի հրովարտակով հայոց Գրիգոր եպիսկոպոսը իրավունք է ստանում թեմ հիմնադրելու և Լվով քաղաքը դարձնելու իր նորաստեղծ թեմի նստավայրը: Այդ հրովարտակը Լեհաստանի պատմության մեջ հայերին հասցեագրված ամենահին փաստաթուղթն է: 2017 թ.-ին լրանում է հրովարտակի 650-ամյակը: Այդ առիթով Մատենադարանն առաջին անգամ կազմակերպում է Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայ համայնքի ձեռագրական ժառանգությանը նվիրված ցուցահանդես:

Մատենադարանը, Վիեննայի ու Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանների հետ միասին, աշխարհի այն երեք կենտրոններից է, ուր պահվում են լեհահայ գրչությանն առնչվող ամենամեծ թվով ձեռագրեր:

Մատենադարանում կա այդպիսի մոտ 130 ձեռագիր, որոնք ընդօրինակվել են Լեհ-լիտվական թագավորության հայաշատ տասը կենտրոններում՝ Լվովում, Կամենեցում, Ստանիսլավովում (առաջին երեքը գտնվում են ներկայիս Ուկրաինայում), Զամոշչում (ներկայիս Լեհաստանում): Դրանք պատկանում են XIV-XVIII դդ. և աչքի են ընկնում հարուստ բովանդակությամբ՝ ընդգրկելով տարբեր բնագավառներ՝ կրոնական, փիլիսոփայական, բժշկագիտական, թարգմանական գրականություն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---