Քաթարի քաղաքացիները կարող են ազատվել ՀՀ մուտքի վիզայի պահանջից

Քաթարի քաղաքացիները կարող են ազատվել ՀՀ մուտքի վիզայի պահանջից

PanARMENIAN.Net - Հայաստանը Քաթարի Պետության քաղաքացիներին կազատի ՀՀ մուտքի արտոնագրեր ստանալու պահանջից: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 1-ի նիստին օրակարգում:

Որոշման ընդունումը թույլ կտա Քաթարի Պետության քաղաքացիներին այցելել և մնալ ՀՀ-ում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Հայաստանի և Քաթարի միջև հարաբերություններն ու բազմակողմ գործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում են նոր առաջընթաց: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սրան զուգահեռ, ավելանում է տարածաշրջանից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Ներկայումս դեպի Երևան չվերթներ է իրականացնում Qatar Airways ավիաընկերությունը, և հետաքրքրություն կա ավելացնելու այդ չվերթների քանակը: Նկատելի է նաև Կատարի քաղաքացիների՝ Հայաստան այցելությունների թվաքանակի էական աճը: Վերջիններիս այցելության հիմնական նպատակն է զբոսաշրջությունը, սակայն հետաքրքրված են նաև անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներով:

Բացի այդ, Քաթարի քաղաքացիների համար Հայաստանի հարևան երկրների կողմից արտոնագրային ռեժիմը միակողմանիորեն վերացնելու մասին ընդունած որոշումները էականորեն խթանում են դեպի այդ երկրներ զբոսաշրջությունը:

Հայաստանի և Քաթարի միջև նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել ՀՀ նախագահի՝ մայիսին Քաթար կատարած այցի շրջանակում:

Պաշտոնական այցով Քաթարի Պետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ քննարկել է երկու երկրի միջև մուտքի արտոնագրի ազատականացման հնարավորությունը: Տեղի ունեցած առանձնազրույցում Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ էՔաթարի Պետության հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և բոլոր ոլորտներում գործակցության խորացմամբ: Արձանագրելով, որ տարեցտարի ավելանում են Ծոցի երկրներից, այդ թվում՝Քաթարից զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան, որում էական դերակատարում ունեն կատարական ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքները, զրուցակիցները քննարկել են երկու երկրի միջև մուտքի արտոնագրի ազատականացման հնարավորությունը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության ծավալման նպատակով կատարական ավիաընկերության հետ փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---