Կարս-Ախալքալաք-Բաքուն ոչ թե տնտեսական, այլ ռազմաքաղաքական նախագիծ է

PanARMENIAN.Net - «Անացած տարիներին Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու (ԿԱԹԲ) երկաթուղու կառուցման տնտեսական աննպատակահարմարության վերաբերյալ կասկածները չեն անհետացել, դրանք բազմիցս հնչել են ոչ միայն Ռուսաստանում եւ Հայաստանում, այլ նաեւ Վրաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում, որոնք նախագծի անմիջական մասնակիցներն են»,-գտնում է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի վերլուծաբան Անդրեյ Արեշեւը: Նրա կարծիքով, երկաթուղու կառուցման ծախսերը կփակվեն միայն մի քանի տասնյակ տարի անց եւ բեռնափոխադրումների այնպիսի ծավալի դեպքում, որն այսօր բոլորովին երաշխավորված չէ: Գնահատելով ԿԱԹԲ-ի նախագիծը 2006 թվականի հունիսին, Վրաստանի տնտեսական բարեփոխումների գծով պետնախարար Կախա Բենդուկիձեն հայտարարել է, թե չի տեսնում ոչ մի ցուցանիշ, որը կապահովեր լավ շահույթ: «Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման նախագիծը տնտեսական հիմք չունի, քանի որ արդեն կա նմանատիպ Կարս-Գյումրի երկաթուղին»,-ավելի է անկեղծացել հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Կահան Սոյակը:



Արեշեւն ընդգծում է, որ Հայաստանը շրջանցող անմիջական ցամաքային կապ հաստատելու Թուրքիայի եւ Ադրբեջանի շահագրգռվածությունը կրում է ոչ թե տնտեսական, այլ ռազմաքաղաքական բնույթ: «Բաքվի եւ Անկարայի հարաբերությունները աստիճանաբար ձեռք են բերում ռազմավարական դաշինքի բնույթ եւ կարող են որակապես նոր փուլ անցնել: Վրաստանի փորձագիտական շրջանակներում տարբեր կարծիքներ կան Վրաստանի համար ԿԱԹԲ-ի իրագործման շահավետության մասին: Արդեն գործող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարերը Վրաստանի գանձարան են բերել ընդամենը 50 մլն դոլար, այն դեպքում երբ վրացիները 300 մլն դոլարի հույս ունեին: Ըստ տնտեսագետ Գիա Խուխաշվիլու, Կարս-Թբիլիսի-Բաքու նախագիծը ամենից քիչ շահավետ է Վրաստանի համար` մասնավորապես, այն կարող է եկամուտից զրկել Բաթումի եւ Փոթիի վրացական նավահանգիստները, որոնցով այժմ փոխադրվում են ադրբեջանական եւ թուրքական բեռները»,-նշում է փորձագետը:



Անդրեյ Արեշեւը համոզված է, որ ամբողջովին քաղաքականացված, տնտեսապես անհեռանկարային տրանսպորտային նախագծերը երբեք չեն դառնա Կովկասում խաղաղության եւ կայունության հիմք: «Այստեղ այլընտրանք կարող է լինել միայն Ռուսաստանի նախաձեռնությունը` նոր տրանսպորտային հաղորդակցությունների փոխշահավետ սխեմաների առաջարկ: Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման դեպքում, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը միացնող նորմալ գործող ճանապարհը խթան կհանդիսանար առեւտրի եւ տնտեսական զարգացման համար տարածաշրջանի առանց բացառության բոլոր պետությունների համար Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում»,-ընդգծում է վերլուծաբանը:



Հիշեցնենք, որ նախագիծը ենթադրում է 105 կիլոմետրանոց ճյուղավորման առկայություն, ընդ որում երկաթուղու 76 կմ պետք է անցնի Թուրքիայի տարածքով, 29 կմ` Վրաստանի տարածքով: Նախատեսվում է նաեւ Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղու 183-կիլոմետրանոց հատվածի վերակառուցում` բարձրացնելու համար նրա թողունակությունը մինչեւ 15 մլն տոննա բեռ տարեկան: Նախագծի արժեքն է 400-800 մլն դոլար եւ նույնիսկ հասնում է մինչեւ 1 մլրդ դոլարի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---