Երևանում մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթը

Երևանում մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթը

PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, արդեն 13-րդ անգամ մեկնարկել է նրա անվան միջազգային երաժշտական մրցույթը, որին առաջին անգամ մրցույթի պատմության մեջ մասնակցում են միմիայն վոկալիստները:

Այս տարի մրցութային հանձնաժողովի կամ ժյուրիի նախագահն է անվանի դիրիժոր, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Մրցույթին մասնակցում է 43 երգիչ տարբեր երկրներից՝ Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Ղազախստան, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Մեքսիկա, Լատվիա, Ուկրաինա։ Բոլոր մասնակիցները, այլ գործերից բացի, պարտադիր պետք է կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։

Մրցույթի առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-ին և 8-ին, ելույթ կունենան նախընտրական փուլում հաղթած 43 մասնակիցները։ Երկրորդ փուլը կկայանա հունիսի 9-ին և 10-ին՝ կմասնակցեն 20 երաժիշտ։ Երրորդ փուլ անցած 10 մասնակիցները հունիսի 11-ին իրենց համարները կփորձեն մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ, որպեսզի ըստ արժանվույն ներկայանան հունիսի 12-ին և 13-ին կայանալիք երրորդ փուլում։ Հենց այդ ժամանակ էլ կորոշվեն հաղթողները։ Հունիսի 14-ին գալա համերգով տեղի կունենա մրցույթի փակման արարողությունը։

Մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները՝ առաջին մրցանակ՝ 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երրորդ մրցանակ՝ 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Կլինեն նաև հատուկ մրցանակներ, որոնք սահմանվելու են մրցույթի գործընկերների կողմից։

Նույն օրն Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում տեղի է ունեցել աշխարհահռչակ կոմպոզիտորի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։ Քանդակը Հայաստան է տեղափոխվել ՀՀ վարչապետին Երևան բերած ինքնաթիռով։ Քանդակի հեղինակը հայտնի քանդակագործ Միքայել Սողոյանն է։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---